կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-08 14:06
Հասարակություն

Ավարտվել է Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ

Ավարտվել է Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն։

Ֆրանսահայ բժիշկ, սրտաբան, ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի հիմնադրամի տնօրեն և «Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան» ասոցիացիայի փոխնախագահ Ավետիս Մատիկյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, տեղեկացել մատուցվող ծառայություններին։ Բարձրակարգ մասնագետներով ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած կենտրոնը սպասարկում է ոչ միայն Սյունյաց աշխարհի, այլև Արցախի, Վայոց ձորի սրտանոթային խնդիրներ ունեցող բնակիչներին:

Բուժհաստատությունը հիմնվել է 2013 թվականին, Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն նահանգի վարչական խորհրդի աջակցությամբ՝ «Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան» ասոցիացիայի կողմից։ Կենտրոնի աշխատանքի շնորհիվ մինչ օրս ավելի քան 2000 կյանք է փրկվել։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ավետիս Մատիկյանին, ում նախաձեռնությամբ է կառուցվել կենտրոնը, ինչպես նաև բուժանձնակազմին՝ նվիրված աշխատանքի համար։ Նա բարձր է գնահատել բուժհաստատության դերը տարածաշրջանի բնակչության առողջության պահպանման գործում։

Մարզային այցի ավարտին նախագահը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ նշելով, որ ուրախ էր երկու օր անցկացնել մեր հայրենիքի հարավում, մի տարածքում, որն ունի և՛ պատմություն, և՛ հպարտանալու արժեքներ, և՛ մեծ ներուժ, սակայն այդ ներուժի մեծ մասը դեռևս չի իրացվել։

Անդրադառնալով Մեղրիի ազատ տնտեսական գոտի այցելությանը՝ նախագահը հույս է հայտնել, որ այն արագ կգործարկվի․

«Այդ գոտու նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։ Այն կիրառական նշանակություն ունի ոչ միայն Սյունիքի, այլև ողջ Հայաստանի համար։ Մեծ թվով ընկերություններ հետաքրքրված են, որպեսզի Հայաստանն օգտագործեն Իրանի շուկա մտնելու համար»։

Նա նշել է, որ որոշ դեպքերում կարող է անձամբ աջակցել, օգտակար լինել, օրինակ, օգնել Կապանի փոքր ձեռնարկություններին նոր շուկաներ գտնելու հարցում։

Խոսելով տպավորությունների մասին՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել, որ բնակիչներն իրենց քաղաքը, իրենց համայնքը համարում են իրենց տունը։ Անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելությանը՝ նախագահը նշել է, որ այն շատ կարևոր դեր ունի հատկապես Կապանի ու Քաջարանի բնակչության համար․

«Նրանց համար կարևոր չէ, ով է սեփականատերը։ Նրանք համարում են, որ կոմբինատն իրենցն է, քաղաքը իրենցն է, և դա շատ կարևոր է։ Իրենց հայրերն են աշխատել այնտեղ, և իրենց որդիները կաշխատեն։ Շատ էական է, որ կոմբինատը նաև սոցիալական ծրագրեր է իրականացնում»։

Նույնպիսի միասնականություն, ըստ նախագահի, կար նաև Քարահունջի Թթի փառատոնի ժամանակ։

«Ինձ համար ուրախալի էր թե՛ մարդկանց թիվը, թե՛ մթնոլորտը,- ասել է Արմեն Սարգսյանը։

– Մարդիկ հպարտ են իրենց պատմությամբ։ Ընտանիքի զգացողությունը, որ նրանք ունեին, շատ գեղեցիկ էր ու տպավորիչ։ Ուրախալի էր, որ այցելուներ կային ոչ միայն շրջակա գյուղերից, Գորիսից, այլև Երևանից։ Խնդրանքս այն է, որ միայն թթով չբավարարվեն։ Պետք է կարողանանք ամեն մի այսպիսի առիթով բոլորս նորից հավաքվել և ուրախանալ նրանով, որ միասին ենք։ Այնպես որ, նույն կոչն ունեմ բոլորին՝ մեր հայրենիքը շատ գեղեցիկ է, եկեք և հայտնաբերեք այն»։

Նախագահը զարգացման հիմք է համարել պետական շահի գիտակցումն ու պետական մտածողությունը․ «Եթե խնդիրը լուծելու համար հիմքում պետականը շահը՝ մշտական, երկարաժամկետ, չես դնում, միևնույն է, ստեղծածդ ծուռ է լինելու, մի օր կքանդվի։ Լինի կառույց, թե կազմակերպություն, այն ամուր և ճիշտ հիմքեր պիտի ունենա և ուղիղ բարձրանա։ Իսկ ուղիղ բարձրանալու համար պետք է մտածես ուղիղ՝ հիմք ունենալով պետական և ազգային շահը»։