Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր բացառիկ վիրահատություն է կատարվել` ստամոքսի կարդիալ հատվածի մասնահատում՝ լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակով։ Այս մասին կենտրոնը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Վիրահատությունը կատարվել է երկու փուլով՝ որովայնի հատվածում անջատվել է ստամոքսը, իսկ կրծքավանդակի հատվածում՝ կերակրափողը։ Անգամ բաց եղանակով կատարելու դեպքում` այն վիրաբուժության մեջ ամենաբարդ վիրահատություններից է, իսկ լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակների կիրառումը բժիշկներից բարձր որակավորում և մասնագիտական մեծ հմտություններ է պահանջում։
Այս մոտեցումը թույլ է տալիս խուսափել որովայնի և կրծքավանդակի երկու մեծ կտրվածքից, ինչը նվազեցնում է վիրահատական տրավմատիզացիան և ցավային համախտանիշը։
Հետվիրահատական վերականգնումն ավելի արագ է անցնում. հիվանդը երկար չի մնում պառկած, ինչը նպաստում է թոքերի և աղիների աշխատանքի ավելի արագ վերականգնմանը։
Պացիենտը 1970թ․ ծնված տղամարդ է, որի մոտ ախտորոշվել է ստամոքսի կարդիալ հատվածի (կերակրափողի և ստամոքսի միացման հատված) քաղցկեղ։ Նա ստացել է 4 կուրս նեոադյուվանտ (նախավիրահատական) քիմիաթերապևտիկ բուժում, որի ֆոնին դիտվել է դրական դինամիկա՝ ուռուցքի փոքրացում։ Վիրահատությունից առաջ ուռուցքն ունեցել է 5սմ տարածվածություն կերակրափողի երկայնքով։ Վիրաբուժական թիմը որոշել է լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակներով կատարել ստամոքսի կարդիալ հատվածի մասնահատում՝ ավշային համակարգի հեռացումով, իսկ մարսողական տրակտի ամբողջականությունը վերականգնելու համար ստամոքսի մնացած՝ դիստալ հատվածից ձևավորել խողովակ և միացնել կերակրափողին։
Վիրաբուժական թիմի անդամներն են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ուռուցքաբան-վիրաբույժ Ավետիք Պետրոսյանը, թորակալ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, թոքային-վիրաբույժ Արմեն Խանոյանը, ինչպես նաև Ռուսաստանից հրավիրված մասնագետ, Մոսկվայի թիվ 62 քաղաքային ուռուցքաբանական հիվանդանոցի թորակալ վիրաբուժության գիտապրակտիկ կենտրոնի ղեկավար Դմիտրի Սեխնիաձեն։ Վերջինս ունի բարձրագույն որակավորում «թորակալ վիրաբուժություն» մասնագիտությամբ:
Վիրահատությունից հետո պացիենտը դեռ որոշ ժամանակ կմնա բժիշկների հսկողության ներքո, մինչև օրգանիզմը ամբողջությամբ կոմպենսացնի հեռացված ստամոքսի գործառույթը։