կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-17 12:53
Հասարակություն

Բարդ ռելիեֆի պատճառով Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհ է կառուցվում. մեկ անձից գնում կարվի

Բարդ ռելիեֆի պատճառով Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհ է կառուցվում. մեկ անձից գնում կարվի

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 17-ի նիստում անհետաձգելի համարեց Մ-2, (Սյունիք) /Մ-2/ - Աղվանի – Տաթև - /Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման նախագծի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների գնման կարիքը, եւ մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ Սյունիքի մարզի շուրջ 2020 թվականի նոյեմբերի 9-ից և հատկապես դեկտեմբերի 18-ից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված  մարզի հաղորդակցության ուղիներին առնչվող հարցերը դարձել են մտահոգիչ և խնդրահարույց։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված, սահմանամերձ (Որոտան-Շուռնուխ-Դավիթ Բեկ և Կապան-Ագարակ) հատվածներով անցնող խնդրահարույց տեղամասերին  այլընտրանքային ճանապարհների ապահովման, ռազմավարական նկատառումներով պայմանավորված ավելի անվտանգ և բարվոք ավտոմոբիլային ճանապարհներ ունենալու անհրաժեշտությունից ելնելով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2021 թվականին հրատապության կարգով նախաձեռնեց Հ-46, /Մ-2/ - Տաթև - Աղվանի - /Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ37+500-կմ68+000 հատվածի հիմնանորոգման իրականացումը:

Արդյունքում նշված ավտոճանապարհով երթևեկության ինտենսիվությունը կտրուկ աճեց, ինչի հետևանքով տվյալ ավտոճանապարհի կմ43+900-կմ53+900 հատվածում, որը անցնում է Վերին Խոտանան գյուղի տարածքով և բարդ ռելիեֆ ունեցող հյուսիսային կողմի անտառածածկ լանջով, կցորդիչով բեռնատարների երթևեկության համար, հատկապես ձմեռային ժամանակաշրջանում առաջացան անվտանգ և անխափան շահագործման խնդիրներ:

Նկատի ունենալով վերը նշվածը հրատապ խնդիր է դառել Վերին Խոտանան գյուղը շրջանցող և անհրաժեշտ տեխնիկական պայմանները բավարարող նոր ավտոճանապարհի կառուցումը։

Հարկ է նշել նաև, որ ՀՀ կառավարության որոշմամբ Հ-46, /Մ-2/ - Տաթև - Աղվանի - /Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհը որպես Մ-2, (Սյունիք) /Մ-2/ - Աղվանի- Տաթև - /Մ-2/ ավտոճանապարհ ընդգրկվել է միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկում։

Նշված ճանապարհահատվածի նախագծման և փորձաքննության համար ֆինանսավորումը կատարվելու է 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման շրջանակներում (հետագայում վերաբաշխում կատարելու միջոցով)։