կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-11 18:25
Հասարակություն

«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Ռոզա Լինը

«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Ռոզա Լինը

Հանրային հեռուստաընկերության կողմից իրականացված ներքին մրցույթի արդյունքում «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Ռոզա Լինը:

21-ամյա երգչուհին ծնվել է Վանաձորում, կոմպոզիտոր և պրոդյուսեր է: Երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ մանկուց, սակայն պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալու ճանապարհին լուրջ ազդեցություն է ունեցել նրա պրոդյուսինգով զբաղվող «Նվակ» կոլեկտիվը: 

«Դրսից նայելով՝ թվում էր, թե խաղի կանոններն իմ դեմ են. Հայաստանի փոքրիկ քաղաքից անծանոթ մի աղջիկ: Բայց նպատակների իրագործման ուժն իրական է, երբ այն զուգորդվում է քրտնաջան աշխատանքի հետ. համառություն և ինքնարտահայտում: Ես հնարավորություն ունեմ իմ երաժշտության միջոցով մարդկանց թույլ տալ զգալ իմ ներաշխարհը: Շատ հպարտ եմ, որ կարող եմ ներկայացնել իմ սիրելի երկիրը Եվրոպայի ամենամեծ բեմում»,- նշում է Ռոզան:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի խոսքով` Առաջին ալիքը շատ բարդ ընտրության առաջ է եղել, սակայն արդյունքում որոշում է կայացվել հնարավորություն տալ նորահայտ արտիստի ներկայացնել մեր երկիրը. ««Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակները հիմնականում մեզ շատ հայտնի արտիստներ են եղել, մինչդեռ միջազգային այս մրցույթը լավ հարթակ է երիտասարդներին բացահայտելու, նրանց ինքնարտահայտման հնարավորություն տալու տեսանկյունից: Մենք շատ ուրախ ենք վերադառնալ եվրատեսիլյան ընտանիք նոր ասելիքով»:

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը նշում է.«Ֆոկուս խմբերի միջոցով մենք դիտարկել ենք թե՛ հայ հանդիսատեսին ծանոթ արտիստների, թե՛ նոր անունների թեկնածությունը: Արդյունքում ընտրվել է Ռոզա Լինը՝ փոքր քաղաքից մի աղջիկ մեծ սրտով և հետաքրքիր պատմությամբ: Այժմ մեր թիմը երգի մշակման ավարտական փուլում է, որը տեսահոլովակի հետ միասին շուտով կներկայացնենք Եվրատեսիլի երկրպագուների դատին»:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2022»-ն այս տարի անցկացվելու է Թուրինում: Ռոզա Լինը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին: Այդ օրը ելույթ կունենան նաև Ալբանիայի, Լատվիայի, Շվեցարիայի, Սլովենիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Լիտվայի, Նիդերլանդերների, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Դանիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Իսլանդիայի և Հունաստանի ներկայացուցիչները:

Եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունանա մարտի 19-ին