կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-06 12:12
Աշխարհ

Գերմանիան կընդունի Ուկրաինայից փախստականներին՝ անկախ ազգությունից

Գերմանիան կընդունի Ուկրաինայից փախստականներին՝ անկախ ազգությունից

Գերմանիան կընդունի Ուկրաինայում պատերազմից փրկվել ցանկացող բոլոր մարդկանց անկախ ազգությունից, հայտարարել է ԳԴՀ ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: «Դա կախված չէ անձնագրից»,-ընդգծել է քաղաքական գործիչը:

Ֆեզերի տվյալներով՝ փախստականների մեծ մասը, որոնք ժամանում են Գերմանիա Ուկրաինայից, ազգությամբ ուկրաինացիներ են: Սակայն փախստականի կարգավիճակ են ստանում նաեւ նրանք, ովքեր ունեին Ուկրաինայում երկարաժամկետ կացության թույլտվություն, հաղորդում է «Նեմեցկայա վոլնան»:

ԳԴՀ ՆԳՆ-ի խոսքով՝ այդ մարդկանց դեպքում անհրաժեշտ չէ անցնել համապատասխան կարգավիճակը ձեւակերպելու երկար գործընթացը:

Ֆեզերի խոսքով՝ Ուկրաինայից փախստականների թվի սահմափակում չի լինի: «Առաջին անգամ ԵՄ բոլոր երկրներն ընդունում են ռազմական փախստականներին, հատկապես՝ մեր արեւելյան հարեւանները: Դա բոլորովին այլ իրավիճակ է, քան այն, ինչ եղել է Եվրոպայում նախքան այդ իրադարձությունները»,-նշել է նա: Այժմ գլխավորը «հնարավորինս լավ տեղավորումն ու խնամքն է», ինչի արդյունքում այլ երկրներ տեղափոխվելու հարց չի ծագի, համարում է նախարարը:

Նախարարի խոսքով՝ փախստականների նկատմամբ վերահսկողության կորուստ չի լինի, ինչպես տեղի էր ունեցել 2015 թվականին: «Իհարկե, այժմ մենք ավելի մեծ ուշադրությամբ ենք հետեւում, թե ով է ժամանում Գերմանիա: Դաշնային ոստիկանությունն ուժգնացրել է հսկողությունը սահմաններին: Դա նաեւ թույլ է տալիս մեզ ավելի արագ գրանցել մարդկանց: Սակայն նաեւ պարզ է, որ այժմ մենք ցանկանում ենք օգնել արագորեն եւ առանց բյուրոկրատական քաշքշուքների»,-ընդգծել է նա:

Նենսի Ֆեզերը բարձր է գնահատել ուկրաինացի փախստականներին օգնելու ոլորտում ԵՄ անդամ երկրների համագործակցությունը՝ անվանելով այն «պատմական»: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի առաջին օրվանից ի վեր երկիրը լքել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Նենսի Ֆեզերի տվյալներով՝ շաբաթ՝ մարտի 5-ին, Գերմանիայում պաշտոնապես գրանցվել է Ուկրաինայից 27 491 փախստական: