կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-23 19:51
Հասարակություն

Ոչ մի արձագանք պետական մարմիններից. պատերազմի օրերին Հունաստանից եկած 5 տոննա օգնությունը դեռ մաքսատանն է

Ոչ մի արձագանք պետական մարմիններից. պատերազմի օրերին Հունաստանից եկած 5 տոննա օգնությունը դեռ մաքսատանն է

Մեկ շաբաթ է, որ ՀՅԴ Հունաստանի կառույցը հրապարակել է Հայ օգնության միության (ՀՕՄ) բողոք նամակն ուղղված Հայաստանի ԱԳՆ-ին եւ ԱԻՆ-ին՝ կապված նրա հետ, որ պատերազմից անմիջապես հետո Հայաստան ուղարկված 5 տոննա օգնությունը դեռ «Զվարթնոց»-ի մաքսատանն է, եւ դեռ որեւէ տեղեկություն չունենք այդ օգնության ճակատագրից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայ օգնության միության Հունաստանի Հայ կապույտ խաչի շրջանային վարչության ատենապետուհի Լիզա Ավագյանը:

Նա նկարագրեց, թե ինչպես է ամեն բան տեղի ունեցել՝  նշելով. «Պատերազմից անմիջապես հետո ինչպես Սփյուռքի բոլոր համայնքները, մենք եւս անմիջապես մեր ջանքերը ներդրեցինք, որ օգնություն ուղարկենք Հայաստանի ու Արցախի ժողովրդին, ինչպես նաեւ մեր զինվորներին, բանակին:

2021-ի հունվարին Հունաստանի պետության կողմից մեզ տրամադրված երկու օդանավերով 40 տոննա ապրանք էր: Դրանից 35 տոննան մարդասիրական օգնության հասցեատերը Հայաստանի Հայ օգնության խաչն էր, որը մեկ ամիս հետո միայն կարողացավ դուրս բերել ապրանքները մաքսատնից, որովհետեւ բավական մեծ գումար պետք եղավ վճարել, թեեւ դա մարդասիրական օգնություն էր:

Իսկ ահա մոտավորապես 5 տոննա ապրանքը, որը նախատեսված էր զինվորների ու բանակի համար՝ հենակներ, դեղորայք, սայլակներ, այրվածքի դեղեր, որոնք շատ թանկարժեք ապրանքներ էին, մինչ օրս մնացել են «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատան պահեստում»:

Լիզա Ավագյանի խոսքով, իրենք մինչեւ վերջերս վստահ են եղել, որ ապրանքները հասել են բանակին, քանի որ գրավոր իրենց տեղեկացրել էին այդ մասին:

«Հանկարծ 2022-ի հունվարի 27-ին, «Զվարթնոցի» մաքսատնից գրավոր տեղեկացանք, որ այդ ապրանքները, որ հասցեագրված էին ԱԻՆ-ին, դեռեւս պահեստում են, տեղ չեն հասել: Մենք շատ նեղվեցինք, որովհետեւ դրանք շատ թանկարժեք եւ այդ ժամանակ շատ կարեւոր ապրանքներ էին, որոնք մենք դժվարությամբ կարողացել էինք ուղարկել:

Մենք տեղյակ պահեցինք Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանին իրավիճակի մասին, փետրվարի 6-ին հանդիպեցինք նրան, հանձնեցինք մեր բողոքի նամակը: Մենք պահանջում էինք, որ այդքան ուշացումով ապրանքները հասնեն բանակին: Դեսպանն ինքն էլ շատ զարմացավ եւ վատ զգաց այս կացության համար: Դեսպանը խոստացավ հենց հաջորդ օրը զբաղվել այդ հարցով: Մոտավորապես մեկ շաբաթ սպասեցինք, դեսպանը մեզ հեռախոսով հայտնեց, որ ինքն էլ դեռ լուր չունի նախարարությունից:

Մենք նաեւ դեսպանին ասել էինք, որ եթե պատասխան չունենանք, մենք մեզ իրավունք ենք վերապահում հրապարակայնացնել այս ամենը: Երբ տեսանք, որ անելանելի իրավիճակում ենք, ապրանքներն էլ շարունակում են մնալ մաքսատան պահեստում, հրապարակեցինք մեր բողոքի նամակը»,-ասաց նա:

Լիզա Ավագյանը համոզված է, որ ԱԻՆ-ում շատ լավ տեղյակ են այս պատմության մասին, քանի որ ստորագրել էր, որ ստանալու է այդ ապրանքները. «Մենք մաքսատնից իմացանք, որ երեք անգամ պաշտոնյաներ են գնացել՝ քննելու այդ ապրանքները, սակայն որեւէ քայլ չեն արել այդ ապրանքները մաքսատնից դուրս բերելու եւ զինվորներին հասցնելու համար»:

Հարցին, թե այստեղ ինքը դիտավորություն տեսնո՞ւմ է, Ավագյանը պատասխանեց. «Չենք ուզենա մեր հայրենիքի, պետության համար այդպիսի եզրահանգում անել, սակայն իրողությունները դրա օգտին են խոսում: Թող ժողովուրդն ինքը մեկնաբանի»:

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ նախորդ շաբաթ ՀՅԴ Հունաստանի կառույցը հրապարակել է կառավարությանն ուղղված բողոքի նամակ, որտեղ ասվում է, որ պատերազմի օրերին Հայ օգնության միության Հունաստանի երկու միավորների ուղարկած մարդասիրական օգնությունը  շարունակում է մնալ «Զվարթնոց» օդանավակայնի պահեստում: Մարդասիրական օգնությունները Հայաստան են ուղարկվել պատերազմից հետո՝ 2020-ի դեկտեմբերին եւ 2021-ի հունվարին:

 

Տես նաև՝  Հրատապ ! 44֊օրյայի վիրավորներին Հունաստանից ուղարկված 4 տոննա բեռը 1 տարի է, ինչ «Զվարթնոցում» է: 

Տես նաև՝  ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեղորայքը 1 տարի է՝ օդակայանում է, կառավարությանը լուր է տրվել և նորից մարդ չի գնացել, որ վերցնի․ Գյուլա Կասաբյան: