կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-21 17:48
Մշակույթ

Կյանքից հեռացել է ջութակահար, վինագործ Մարտին Երիցյանը

Կյանքից հեռացել է ջութակահար, վինագործ Մարտին Երիցյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին 90 տարեկանում կյանքից հեռացել է ջութակահար, վինագործ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Շահենի Երիցյանը։

Մարտին Երիցյանը ծնվել է 1932 թվականի հունվարի 31-ին Երևանում։ Երաժշտական կրթությունը ստացել է նախ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Երևանի երաժշտական ուսումնարանում, ապա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետև՝ ասպիրանտուրան և ընդունվել Հայաստանի ֆիլհարմոնիայի կվարտետ՝ որպես երկրորդ ջութակահար։ Կվարտետի կազմով 1969 թվականին Բրյուսելում մասնակցել է Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական միջազգային մրցույթին։

Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ Դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կվարտետի ամբիոնում (պրոֆեսոր)։ 1985 թվականին մեկնել է Չեխոսլովակիա, որտեղ աշխատել է հայտնի վինագործ Վլադիմիր Պիլարժի հետ։

Մարտին Երիցյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների, այդ թվում՝ Իտալիայի Ստրադիվարիուսի անվան միջազգային մրցույթի մրցանակի (1980 թ.), «Աշխատանքային վաստակի համար» մեդալի (2020 թ.)։
Նա ստեղծել է շուրջ 500 ջութակ, 200 ալտ, 29 թավջութակ, 12 կիթառ, 1 ուդ, 26 քանոն, 15 քեմանի, 7 թավ քեմանի և այլն:
Մարտին Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` փետրվարի 23-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Մարտին Երիցյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:sharethis sharing button