կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-18 17:51
Քաղաքական

Լավ հնարավորություն քաղաքականությամբ հետաքրքրվողների համար. ովքե՞ր կարող են մասնակցել այս ծրագրին

«Երկիր» ռազմավարական ծրագրավորման հիմնադրամը եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարում են «Հանրային քաղաքականության լսարան» քաղաքական ուսումնառության ծրագրի մեկնարկի մասին: Իսկ ի՞նչ ծրագիր է սա, ովքե՞ր կարող են մասնակցել, ինչո՞ւ օգտվել այս բացառիկ հնարավորությունից:

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը Yerkir.am-ի հետ զրույցում, մանրամասնելով ծրագրի բովանդակությունն ու նպատակը, ասաց՝ մասնակցել կարող են այն երիտասարդները, որոնք ուզում են բավարարել իրենց քաղաքական հետաքրքրությունները, ոլորտային լավագույն մասնագետների մասնակցությամբ եւ գլխավորությամբ՝ ներգրավվել քաղաքական քննարկումների մեջ, բերել գործնական դաշտ, հետագայում գործունեություն ծավալելիս իրենց ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել Հայաստանի Հանրապետության շահերին:

Ծրագրին կարող են մասնակցել 17-35 տարեկան անձինք, որոնք ուսանող են կամ երբեւէ ստացել են բարձրագույն կրթություն: Վաստակաշատ քաղաքական գործիչներ, գիտնականներ ու փորձագետներ են մասնակցելու: Ղազարյանը փակագծերը չբացեց, բայց վստահեցրեց, որ հասարակության շրջանում մեծ հարգանք վայելող գործիչներ են:

«Բանախոսների անունները թող անակնկալ լինեն մեր հայտատուների համար, բայց կարող եմ վստահեցնել, որ Հայաստանում բավականին հայտնի, մասնագիտական անվիճարկելի որակներ ունեցող անձինք են, պետական քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ, երբեւէ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած, արդյունավետություն ցույց տված անձինք, գիտնականներ, որոնք մեր առանձնացրած ոլորտներում ունեն իրենց կարեւոր ասելիք»,- ասաց նա:

Օրվա մարտահրավերը ո՞րն է, որ որոշել են «կրթել» մարդկանց քաղաքական գիտելիքներով:  «Առօրյա շփումներում բազմաթիվ իրավիճակների ենք հանդիպում, որտեղ քաղաքականացված հանրությունը, երիտասարդությունը շատ անդրադարձներ են կատարում մեզ հուզող խնդիրներին, քաղաքական գործընթացներին, բայց այդ գործընթացների մասին ունեն շատ քիչ պատկերացումներ: Մեր նպատակն այդ պարզ պատկերացումներն ավելի խորացնելն է, նրանց հիմնավոր գիտելիքներ տալը»,- պարզաբանեց Ղազարյանը:

«Հանրային քաղաքականության ծրագրի» նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են, դասընթացները մեկնարկելու են մարտի 15-ից:

Մանրամասն՝ տեսանյութում

Լիանա Սարգսյան