կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-17 20:54
Արցախ

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ներկա է գտնվել անօդաչու թռչող սարքերի առաջին աշխատանոցի բացմանը

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ներկա է գտնվել անօդաչու թռչող սարքերի առաջին աշխատանոցի բացմանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը փետրվարի 17-ին Ստեփանակերտի N3 դպրոցում ներկա է գտնվել անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցի բացման արարողությանը:

Արտակ Բեգլարյանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը, «Արմաթ»-ի 500 խմբավարներին ու թիմի անդամներին Արցախում ծրագրի իրագործման համար: Կարևորելով ինժեներական կրթության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ հանրապետությունում առանձին կազմակերպությունների կողմից գործադրվող ջանքերը՝ Արտակ Բեգլարյանը ևս մեկ անգամ շեշտել է բնագավառում պետական աջակցության շարունակականությունը, ինչպես նաև նոր, կենսունակ գաղափարների իրագործման հարցում իր պատրաստակամությունը:

«Առաջիկայում Արցախի այլ դպրոցներում ևս նման աշխատանոցներ կհիմնենք, կառավարությունն էլ պատրաստ է աջակցել այդ ծրագրերին: Եվ կարևոր է նման տեխնոլոգիական ու կիրառական գիտելիքի ու հմտությունների տրամադրումը մեր երեխաներին, որոնք արդեն հնարավորություն կունենան բարձրագույն կրթության ոլորտ մտնել կոնկրետ կողմնորոշումներով, գիտելիքներով ու նպատակներով: Շատ ուրախ եմ, որ այսպիսի կիրառական լուծումները և՛ առաջադեմ են, և՛ համապատասխանում են մեր կարիքներին ու ռազմավարական նպատակներին»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Այնուհետև օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչների և աշակերտների հետ պետական նախարարն առավել հանգամանալից տեղեկացվել է աշխատարանի հնարավորությունների մասին, ոլորտի մասնագետների հետ քննարկել ապագա համատեղ ձեռնարկումների մանրամասները: