կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-17 12:57
Քաղաքական

Արցախը, իհարկե, հնարավորություն ուներ Ադրբեջանի կազմում չլինելու․ Ռոբերտ Քոչարյան

Արցախը, իհարկե, հնարավորություն ուներ Ադրբեջանի կազմում չլինելու։ Այս մասին փետրվարի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ի պատասխան հարցին՝ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում  նշել է, որ Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու տնտեսական և  գործնական հնարավորություն չուներ։ Արցախը չունե՞ր հնարավորություն Ադրբեջանի կազմում չլինելու և այսօր ունի՞ հնարավորություն հայկական մնալու, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել այս ուղղությամբ։

«Ղարաբաղի ձևավորման  իրավական հիմքերն անխոցելի են, ուղղակի պետք էր Ղարաբաղը դե ֆակտո պահել՝ բանակով պահել, պատերազմ չհրահրել, չպարտվել պատերազմում  և տնտեսապես հզորացնել Ղարաբաղը, ու ժամանակի հարց էր փաստացի ճանաչումը։ Այդպիսի կոնֆլիկտները արագ չեն լուծվում։ Օրինակ՝ այս պատերազմում եթե մենք չպարտվեինք, գոնե մի երկու շաբաթ, տասը օր չնահանջեինք, որովհետև ամեն օր էինք նահանջում, պատերազմը կկանգներ, հետո իսկապես հնարավորություն կստեղծվեր որոշակի ճանաչման գործընթաց սկսելու։ Ունենք այն, ինչ ունենք։  Եթե այսպես շարունակվի, մենք լրջագույն պրոբլեմներ ենք ունենալու»,- նշեց երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ՀՀ-ն ամեն օր կորցնում է որոշակի հնարավորություններ բանակցային գործընթացում։ «Չեմ պատկերացնում՝ ի՞նչ են բանակցելու, և եթե  ամեն անգամ իշխանությունը այսպիսի ռումբեր կամ նռնակներ դնի բանակցային գործընթացի տակ, ապա մենք այդ բանակցային գործընթացում ոչնչի չենք հասնի, մենք ընդամենը ամրագրելու ենք փաստացի իրավիճակը։ Ես լրջագույն  պրոբել եմ տեսնում և համարում եմ, որ այսօր Ղարաբաղը շատ լուրջ դերակատարություն պետք է ունենա իր հարաբերություններում Հայաստանի հետ՝ ստիպելով, պահանջելով, որ Հայաստանի իշխանությունները բացատրեն՝ ինչ են անում, ուր են տանում։ Իմ տպավորությունն այնպիսին է, որ զգայուն ու ծանր թեմա է, բոլոր կողմերը չեն ցանկանում այս հարցը քննարկել, Հայաստանը խուսափում է այս հարցի շուրջ խոսել, Ղարաբաղի իշխանությունը, իմ տպավորությամբ, չի ուզում այս թեման սրել՝ հարաբերությունները չփչացնելու համար։ Բայց սա նշանակում է, որ քայլ առ քայլ կորցնում ենք հնարավորությունները և վերջում կանգնելու ենք կոտրած տաշտակի առջև, եթե քայլեր չձեռնարկենք։ Օրվա հարցով այսօր չպետք է ապրի Ղարաբաղը, Ղարաբաղը պետք է ասի՝ ես հեռանկար եմ ուզում տեսնել ապագա տարիների համար»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։