Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ֆրանսիայի հայ համայնքի 2022 թվականի աշխատանքների առանցքում որպես առաջնահերթություն լինելու է Արցախը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: Նա տեղեկացրեց, որ ինչպես նախորդ տարիներին լրջագույն աշխատանք են տարել Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ, նույն ակտիվությամբ շարունակելու են 2022 թվականին: Խոսելով օրերս Փարիզում կայացած հայ համայնքի ամենամյա ընթրիքից, որին ներկա էին Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներ թե օրենսդիր, թե գործադիր մարմիններից, Մուրադ Փափազյանը նշեց, որ այն ամենամյա լավ առիթ է հավաքելու հայերի բարեկամներին:
«Մենք աշխատում են Ֆրանսիայի իշխանությունների հետ, որ պահպանվի հայամետ դիրքորոշումը: Հայտնի է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման, ցեղասպանության ժխտողականության հարցում բավական ամուր կեցվածք ունի: Մենք ցանկանում ենք, որ Ֆրանսիայի հայամետ բնույթը լինի նաև Արցախի հարցի հետ կապված: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, և արդյունքը եղավ այն, որ Ֆրանսիայի Սենատը քվեարկեց մի բանաձևի օգտին, որով կոչ էր արվում, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը: Նույնը եղավ Ֆրանսիայի տարբեր խոշոր քաղաքների, համայնքների պարագայում: Արդեն 85 քաղաքներ, շրջաններ քվեարկեցին այն բանաձևի օգտին, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը: Սա ցույց է տալիս տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքը: Մենք մեր գործընկերներին, բարեկամներին ցույց տվեցինք, որ հայկական համայնքն իսկապես ուժեղ է և դրական սկզբունքների հիման վրա պաշտպանում է հայ դատը, հայկական հարցը»,-ասաց Մուրադ Փափազյանը:
Փարիզում կայացած ամենամյա ընթրիքին այս տարի, գործուղումներով պայմանավորված, Ֆրանսիայի նախագահը ներկա չի եղել, սակայն եկել էր վարչապետը: Մուրադ Փափազյանը նշեց, որ կարողացան ներկայացնել հայ համայնքի պահանջները:
«Մեր կողմից խիստ գնահատականներ հնչեցին պատերազմի, դրա հետևանքների առնչությամբ: Ներկայացրեցինք մեր դիտարկումները Արցախի ու հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ: Մենք մտադիր ենք ակտիվացնել կապերը՝ շեշտը դնելով նաև մշակութային հարցերի վրա: ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեծ անելիք ունի՝ ապահովելու հայկական մշակութային արժեքների պահպանումը»,-ասաց Մուրադ Փափազյանն՝ ընդգծելով, որ պետք է թույլ չտալ, որ Ադրբեջանը յուրացնի հայկական մշակույթը:
Մուրադ Փափազյանն ընդգծեց Ֆրանսիայի ու Արցախի քաղաքային մակարդակով համագործակցությանն ուղղված աշխատանքների ակտիվացման կարևորությունը: Նրա խոսքով, իրավական հարթությունում աշխատանքների նոր ձև որդեգրելու անհրաժեշտություն կա, որն ավելի ապահով կլինի ու պետք է քաջալերել, որ Ֆրանսիայի քաղաքները շարունակեն օգնել Արցախի քաղաքներին: Մուրադ Փափազյանը նշեց, որ Արցախն առաջնահերթություն է իրենց համար, բայց ուզում են քաջալերել, որ ակտիվացվեն Հայաստան-Ֆրանսիա տնտեսական կապերը, մշակութային համագործակցությունը:
Տարին նախընտրական է Ֆրանսիայի համար, սպասվում են նախագահական ընտրություններ: Մուրադ Փափազյանի խոսքով, բոլոր գլխավոր թեկնածուների հետ աշխատել են: Ընտրություններն անցկացվելու են երկու փուլով ապրիլի 10-ին և ապրիլի 24-ին: Երկրորդ փուլ անցած թեկնածուներին հնարավորություն կընձեռվի հայ համայնքի առջև հայտնել իրենց դիրքորոշումը:
Աննա Գզիրյան