Հիշո՞ւմ եք այս հրապարակումը, երբ անհայտ հեղինակը անհայտ ծագում ունեցող, բայց շատ մարդկանց մասին կեղծ տեղեկություն տարածող կայքում գրել էր, թե ես իբր թուրքերի հետ եմ համագործակցում։ Դա այն օրերին էր, երբ Ազատագրական շարժումը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և իշխանությանը պետք էր հնարավորինս շատ վարկաբեկել ինձ։
Չգիտեմ, թե այն ժամանակ ինչքան մարդ հավատաց այս հիմարությանը, բայց ես չմոռացա սրա մասին, աչքաթող չարեցի իմ դեմ ուղղված ոչ մի կեղծ տեղեկություն և վիրավորանք։ Իմ գաղափարակից ընկերների, հատկապես փաստաբան
Լուսինե Վիրաբյանի օգնությամբ պարզեցինք, թե կոնկրետ ով է այս կայքի և հրապարակման հեղինակը։
Հետքերը տարան Տավուշի մարզ, քաղաք Նոյեմբերյան։ Մեր ձեռքի տակ հայտնվեցին տվյալ մարդու տան հասցեն, գործունեության ոլորտը, նրա կողմից ստեղծված Ֆեյսբուքի ֆեյք էջերը, այլ տվյալներ, որոնք փոխանցեցինք ՀՀ գլխավոր դատախազությանը, ԱԱԾ-ին և ոստիկանությանը։ Մարդու անմեղության կանխավարկածից ելնելով՝ այս պահին չեմ հրապարակում անունը, մինչև մեղադրանքի հաստատումը, բայց բոլոր փաստերը հաստատվել են, սպասում եմ ոստիկանության քայլերին։
Տվյալ անձին արդեն տարել են ոստիկանություն, հարցաքննել։
Բացահայտված ֆեյքը հավանաբար հասկանում է, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 137․1 հոդվածով իրեն սպառնում է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկից մինչև 3000-ապատիկի չափով տուգանք (1-3 մլն դրամ) կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով:
Ինչպես խոստացել էի, ֆեյքերի բացահայտումն ու որսը սկսվել է և շարունակական է լինելու։ Յուրաքանչյուր մարդ, հայտնի կամ անհայտ մնալով ու գրելով որևէ բառ, պետք է գիտակցի դրա իրավական հետևանքները և պատասխան տա իր խոսքի համար։ Իմ մասին ստոր ստեր տարածող և ինձ հայհոյող ամեն մարդ պատժվելու է իրավունքի ամբողջ խստությամբ։ Հատուկ եմ շեշտում իրավունքի, քանի որ օրենքը տալիս է պատժելու իրավունք։
Նիկոլ Փաշինյանին սպասարկող ֆեյքերի ֆաբրիկաները հանձնարարություն էին ստացել ամեն կերպ վարկաբեկել ինձ։ Հիմա ես դրանց մեծ մասի տվյալները՝ անուններով, բնակության վայրերով, բարեկամներով ու աշխատանքի հասցեներով ունեմ։ Հերթով բոլոր ֆեյքերը մտնելու են ոստիկանություն հանցագործի կարգավիճակով։
Առաջիկա օրերին կհրապարակեմ Նոյեմբերյանում բացահայտված ֆեյքի ինքնությունը։ Եթե տվյալ կայքում տեսել եք ձեզ ուղղված վիրավորանք կամ կեղծիք, գրեք, պատիժը ավելի խստացնենք։
Նաիրի Հոխիկյան
Լրագրող, մեդիափորձագետ