կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-23 22:29
Իրավական

«Մարաթուկ» տուրիստական ընկերությունում խուզարկություն է իրականացվել դատարանի որոշման հիման վրա. ՊԵԿ

«Մարաթուկ» տուրիստական ընկերությունում խուզարկություն է իրականացվել դատարանի որոշման հիման վրա. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ օգոստոսի 23-ին «Iravunk.com» լրատվական կայքում հրապարակված «Զենքով-զրահով գործակալություն են ներխուժել ՊԵԿ քննչական կոմիտեի աշխատակիցները» վերնագրով տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ «Մարաթուկ» տուրիստական ընկերությունում խուզարկություն է իրականացվել դատարանի որոշման հիման վրա: Հարուցված քրեական գործի շրջանակում, ընկերություն նախապես խուզարկության է գնացել 6 աշխատակից՝ հետաքննիչներ և օպերատիվ հետախուզության վարչության ներկայացուցիչներ: Նրանք ներս են մտել, սահմանված կարգի համաձայն ներկայացել և հետաքրքրվել են, թե որտեղ է  գտնվում ընկերության տնօրենը:

ՊԵԿ աշխատակիցները տնօրենին ներկայացրել են խուզարկություն իրականացնելու դատարանի որոշման օրինակը: «Մարաթուկի» ղեկավարը, սակայն, դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ՝ հայտարարելով, որ չի թողնի խուզարկություն իրականացնել ընկերությունում: Միաժամանակ, նա սպառնալիքներ է հնչեցրել ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ և հայտարարել, որ կհրավիրի ԶԼՄ ներկայացուցիչների՝ փորձելով այդ կերպ խոչընդոտել դատարանի որոշմամբ իրականացվելիք օրինական գործողությունները:

ՊԵԿ աշխատակիցները տեսնելով, որ հնարավոր չէ հանդարտեցնել վրդովված տնօրենին և իրավիճակն ավելի է լարվում, հետագա բարդությունները կանխելու նպատակով հրավիրել են ՊԵԿ հատուկ ստորաբաժանման աշխատակիցների, որոնք, բնականաբար, զինված չեն եղել: Սակայն վերջիններիս կողմից որևէ գործողություն չի կատարվել, քանի որ իրավիճակը հնարավոր է եղել կարգավորել: