կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-11 18:24
Հասարակություն

Տղամարդը խանութից վերցրել է սրտի ուզածն ու վճարելու փոխարեն սպառնացել սպանել աշխատակցուհուն

Տղամարդը խանութից վերցրել է սրտի ուզածն ու վճարելու փոխարեն սպառնացել սպանել աշխատակցուհուն

Հունվարի 10-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Վանաձորի Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակարանում զենքով հարձակվել են իրենց վրա:

Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգը տարածքային կարգով փոխանցվել է ոստիկանության Տարոնի բաժին։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։

Ժամը 13.15-ին տուժողից հաղորդում է ընդունվել։ Ըստ կնոջ՝ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, թաղամասի մի բնակիչ մտել է իրենց խանութ, պահանջել ծխախոտ, ապա առանց իր թույլտվության վերցրել է ծխախոտն ու այլ ապրանքներ։ Երբ տղամարդը ցանկացել է խանութից դուրս գալ, խանութպանը պահանջել է, որ նա վճարի ապրանքների համար։ Տղամարդը հանել է գրպանում պահվող դանակը, հարվածել տաղավարին դրված կշեռքին, հնչեցրել սպանության սպառնալիքներ ու հայհոյանքներ և առանց վճարելու դուրս եկել։

Դեպքից 2 ժամ անց տղամարդը վերադարձել է խանութ, շարունակել դանակը ձեռքում պահած հնչեցնել սպանության սպառնալիքներ, ապա խանութի բակում նկատելով խանութպանի եղբորը` սպառնալիքներ հնչեցնելով հարձակվել է նրա վրա։ Հարձակումը կանխելու նպատակով տղամարդն իր անվամբ հաշվառված «Բռունի» տեսակի գազային ատրճակակից կրակել է օդ։ Դանակավորը հեռացել է։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում պարզվել է տղամարդու ինքնությունը։ Ժամը 13.20-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը հայտնաբերվել է Դեմիրճյան փողոցում, բեման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին և ներկայացվել Լոռու մարզային քննչական վարչություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ավազակության հատկանիշներով։ Տղամարդը ձերբակալվել է։

Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Գազային ատրճանակը վերցվել է:

Կատարվում է նախաքննություն։