|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձել է օրերս մահացած ԱԱԾ պետական պահպանության նախկին պետ Գրիգորի Հայրապետովի ծառայության մի դրվագի:
Նա, մասնավորապես, գրել է.
«Գրիգորի Հայրապետովը անվախ, շիտակ, արժանապատիվ Հայ Մարդ էր, ընտանիքի նվիրյալ, բարձրագույն պրոֆեսիոնալ պետական պահապան: Նա իր գիտակցական ողջ կյանքը նվիրաբերեց Հայրենիքին: Մեր Հանրապետության առաջին տարում՝ 1991թ. նա կցված էր արտաքին գործոց նախարարին: Բայց ես, միգուցե միամիտ, համարեցի, որ պատերազմական եւ բազմաթիվ այլ մարտահրավերների պատասխանող երկիրը Գրիշայի մակարդակի երիտասարդ սպայի ծառայության կարիքն այլ տեղ պետք է ունենար, իսկ մենք գործի մեր բաժինը կանեինք Աստծո ուղեկցությամբ եւ ժողովրդի մոտ բաց ռեժիմով: Արձակեցի մեր թիկնապահներին:
Բացառության կարգով նա միացավ, ըստ հրամայականի, արտասահմանյան՝ հանրահայտ դարձած «Պոլսո» առաքելությունն ապահովելու համար: Եվրոպայի խորհրդի արտգործնախարարների լարված ժողովից հետո, երբ արդեն ցամաքով Կարին-Էրզրումից վերադառնում էինք Մարգարա, հանկարծակի եւ անհայտ անկյունից մեր մեքենան ենթարկվեց բազմազարկ հարվածների. դիմապակիները փշրվեցին: Հետեւի նստարանին կողքս նստած Հայաստանի Հանրապետության անձնազոհ զինվորը, ապագա գեներալը ամբողջ մարմնով ծածկեց ինձ՝ հարվածն ու վերքը վերցնելով իր վրա:
Մանրամասներն այստեղ կարեւոր չեն, այլ իրողությունը, որ սա Գրիշայի՝ հայրենի ծառայության ամբողջ կենսագրության սոսկ հերթական՝ հավանաբար չարձանագրված մեկ էջն էր: Դրանից հետո իշխանությունները եկան ու գնացին, բայց նա նույն Մարդը մնաց՝ հարգանքով անվախ, ողնաշարով շիտակ, էությամբ՝ արժանապատիվ: Ով արժանի է՝ նրա մի կտոր օրինակով ապրի»: