կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-21 13:39
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն Արամ Հարությունյանին պաշտոններ էր առաջարկում, երբ հրաժարվեց, ձերբակալեցին. «Միասնական Վարդենիս» դաշինքից ավագանու անդամ

Արամ Հարությունյանի նկատմամբ կալանք կիրառելը դատարանների կողմից քաղաքական քայլ է: Եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ էին մոռացել նրա մասին, եւ ձերբակալության խնդիր առաջացավ միայն ՏԻՄ ընտրություններից հետո, երբ Հարությունյանը հաղթանակ տարավ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Միասնական Վարդենիս» դաշինքից ընտրված՝ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը՝ մեկնաբանելով դաշինքի ցուցակը գլխավորած Արամ Հարությունյանի ձերբակալումը:

Շահնազարյանի խոսքով՝  մինչեւ այս գործընթացը սկսելը՝ Արամ Հարությունյանին ՔՊ-ից առաջարկում էին զանազան պաշտոններ, որպեսզի իրենց հետ կոալիցիայի գնա:

«Երբ Հարությունյանը հրաժարվեց պաշտոններից եւ չգնաց նրանց հետո կոալիցիոն հուշագրի, ձերբակալեցին: Սա նշանակում է, որ այստեղ կա բացառապես քաղաքական ենթատեքստ: Մենք ընտրություններին չէինք գնացել, որ հետո կոալիցիա կազմենք իշխանության հետ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները ՏԻՄ ընտրություններից հետո, ընդհանուր համաձայնության գալով, որոշեցին կոալիցիա կազմել: Արդյունքում՝ Վարդենիսում ընդդիմությունը հաղթեց ՔՊ-ին՝ ունենալով ընդհանուր՝ 27 մանդատից 15-ը: ՔՊ-ն, չհաշտվելով պարտության հետ, դիմեց տարածքային ընտրական հանձնաժողով՝ 6 ընտրատեղամասում վերահաշվարկ իրականացնելու խնդրանքով, մինչդեռ ամբողջ Վարդենիսում 39 ընտրատեղամաս է եղել: Պարզվում է՝ ընտրվել են այն ընտրատեղամասերը, որտեղ ՔՊ-ն խայտառակ պարտություն է կրել:

Վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ին հաջողվեց ընդդիմադիր դաշինքներից մեքենայությունների շնորհիվ, 1 ձայնի տարբերությամբ, 1 մանդատ կորզել, սակայն տեսնելով, որ նույնիսկ այս պարագայում է ընդդիմությունը հաղթող դուրս գալիս, դիմել է ռեպրեսիաների՝ ձերբակալելով ընդդիմության առաջնորդ Արամ Հարությունյանին:

Մանրամասները՝ տեսանյութում

                                                                                             Լիանա Սարգսյան