կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-20 14:41
Տարածաշրջան

Թուրք գիտնականները, ընդամենը մեկ գտածոյով առաջնորդվելով, փորձում են իսլամական անցյալ վերագրել Վանին

Թուրք գիտնականները, ընդամենը մեկ գտածոյով առաջնորդվելով, փորձում են իսլամական անցյալ վերագրել Վանին

Վանում մի պարսիկի պատկանած հին գերեզման է գտնվել։ Թուրքիայի ոստիկանությունը ծանուցում է ստացել առ այն, որ Վան նահանգի Արտամեդ (Էդրեմիթ) գավառի Շաբանիյե թաղամասում գանձ որոնողներն անօրինական պեղումներ են սկսել այն վայրում, որտեղ 10 ամիս առաջ պատմական գերեզմանոց էր հայտնաբերվել։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ ոստիկանները դեպքի վայրում զննում իրականացնելիս նկատել են, որ այդ գանձագողերի անմիջապես տան առջև գտնվող տարածքում նրանք մի թունել են փորել և անօրինական պեղում կատարել։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Այնուհետև այդ վայրում ուսումնասիրություն է մեկնարկել Վանի թանգարանային տնօրինությունը, որն այնտեղ մահմեդական գերեզման է հայտնաբերել։ Վանի թանգարանի տնօրեն Էրոլ Ուսլուն հայտնելով, որ պեղումները շարունակվում են, նշել է, թե այստեղ առաջին անգամ մի պարսիկի պատկանած գերեզմանի ավերակների են հանդիպել։ Թուրք գիտնականը, այս գտածոն «բեկումնային» որակելով, նաև ակնարկել է, թե այս հայտնագործության շնորհիվ «հնարավոր կլինի ապացուցել Վանի իսլամական անցյալի» մասին։

Այսպիսով՝ թուրքական իշխանությունները ներկայում չեն սահմանափակվում Վանում և առհասարակ Արևմտյան Հայաստանում հայկական հետքերն ի սպառ վերացնելով, այլ նաև նման գտածոների միջոցով փորձում են աշխարհին մոլորության մեջ գցել, թե իբր Վանը հնուց ի վեր իսլամական անցյալ է ունեցել։ Թուրքական քարոզչամեքենան այսօր ևս շարունակում է հակահայկական գործունեությունը, մինչդեռ ՀՀ ներկայիս իշխանությունները ներքաշվում են թուրքերի հետ «բարեկամանալու» գործընթացի մեջ։

https://www.cumhuriyet.com.tr/turkiye/vanda-ilk-kez-bulundu-buyuk-ses-getirecek-1893739

Մելինե Անումյան / Akunq.net