կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-17 17:50
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստալինյան մոդելով դատավարություն տեղի ունեցավ․ Մարիո Նալբանդյանը դատապարտում է Ստատկևիչի ազատազրկումը

Լուկաշենկոն պետք է դատապարտվի գործընկերներ պետությունների կողմից, որոնք այսօր Բելառուսի հետ համագործակցում են՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ անդամ, Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը։

Ընդդիմադիր գործիչների հանդեպ Բելառուսում ծայր առած հետապնդումների թիրախ է դարձել նաև Սոցինտերնի՝ ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի հարցերով հանձնախմբի համանախագահ, Բելառուսի «Նարոդնայա Հրամադա» կուսակցության նախագահ Միկալայ Ստատկևիչը, որը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։

Սոցինտերնը համարում է, որ դատավարությունը եղել է կեղծ, այս պատճառով էլ դատապարտող հայտարարությամբ է հանդես եղել և կոչ արել միջազգային հանրությանը դատապարտել աղմկահարույց բռնաճնշումները։

«Միկալայ Ստատկևիչի դատավարությունը դռնփակ պայմաններում խախտում է միջազգային իրավական բոլոր նորմերը։ Այդ դատավարությունը տեղի է ունեցել ի հետևանք Միկալայ Ստատկևիչի և իր կուսակցության՝ «Նարոդնայա Հրամադայի», ընդդիմության դիրքերից բռնատեր Լուկաշենկոյին ընդդիմանալուն։ Հետևանքը հալածանքն ու ձերբակալումներն էին, որոնք նոր չեն․ դեռ 2000 թ-ին Միկալայն՝ ինքը, իբրև նախագահի թեկնածու, առիթ ունեցել էր նույն վիճակին ենթարկվելու, այսինքն, 2000 թ-ին, երբ նա ներկայացրեց իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար՝ բանտարկվեց և 5 տարի բանտ նստեց առանց նվազագույն պայմանների դատավարության»,-ասաց Մարիո Նալբանդյանը։

Այս անգամ արդեն 565 օր է, որ ընդդիմադիր գործիչը ազատությունից զրկված է, իսկ դատավարությունը տեղի է ունեցել դռնփակ՝ առանց իրավաբանների ներկայության, նույնիսկ իր ամենամոտ հարազատները ներկա չեն եղել, և նա հնարավորություն չի ունեցել իր իրավունքները պաշտպանելու՝ վստահեցնում է Նալբանդյանը։

«Այսինքն, ստալինյան մոդելով դատավարություն տեղի ունեցավ, որ դատապարտելի է ամեն ձևերով՝ ոչ միայն իբրև իրավական մեծ հանցագործություն, այլ տարրական մարդկային իրավունքների, քաղաքացիական իրավունքների խախտման տեսանկյունից, որն այսօր ԵԱՏՄ-ում գտնվում է իբրև գործընկեր և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ ուրիշ երկրների հետ․ Բելառուսը պիտի ստանա դատապարտություն իր գործընկերների կողմից»,-ասաց Մարիո Նալբանդյանը։

Նա վսահեցրեց, որ Սոցինտերնը՝ անդամ բոլոր կուսակցություններով, բոլորովին դեմ է, ավելի քան 150 կուսակցություններ միացել են դատապարտման կոչին։

«Լուկաշենկոն պետք է դադարեցնի հալածանքը, ընդդիմադիրներին հետապնդելու իր ծրագիրը և հիմնականում պետք է դատապարտվի իր գործընկերների կողմից, որոնք այսօր Բելառուսի հետ համագործակցում են՝ լինի ԵԱՏՄ, լինի այլ համաձայնությունների անդամ։ Լուկաշենկոյի մասին խոսելն ավելորդ է, նա օրըստօրե հաստատում է բռնատիրական կարգերը, ժողովրդի վրա ճնշում է բանեցնում, և վատ օրինակ է ամբողջ տարածաշրջանի համար»,-ասաց Մարիո Նալբանդյանը։

Նա ընդգծեց, որ Սոցինտերնը և ՀՅԴ-ն դատապարտում են այս գործընթացը, և մտահոգ են, որ տարածաշրջանը սկսել է հետքայլ անել, տարածաշրջանում սկսել են դրսևորվել հարցեր, որոնք լրջորեն պետք է միջազգային հանրության ուշադրությունը գրավեն։

«Միկալայ Ստատկևիչը Հայաստան է այցելել Սոցինտերնի տարածաշրջանային ժողովին մասնակցելու, ներկա է եղել, հետո մի քանի օր ևս մնացել է Հայաստանում, առիթ ենք ունեցել նրա հետ Հայաստանում շրջելու, իր զորակցությունը հայտնել է, և իր կուսակցությունը, որը փոքր է, բայց հստակ, ուժեղ քաղաքական ծրագրերով, ժողովրդի արդարություն փնտրող կուսակցություն, պետք է անպայման վերականգնի գործունեությունը»,-ասաց նա։

Սոցինտերնը ձայնը բարձրացնում է, որ Բելառուսում առանց արդար դատավարության բանտարկված քաղաքական գործիչներն ազատ արձակվեն։

«Սա պայման է, մենք դատապարտում ենք և պահանջում ենք Միկալայ Ստատկևիչի ազատ արձակումը և Բելառուսում նվազագույն ժողովրդավարական պայմանների ապահովումը»,-ասաց Մարիո Նալբանդյանը։

Նա համոզված է, որ Լուկաշեկոն միայն բռնատիրական կարգերով է կարողանում պահել իշխանությունը։

Աննա Բալյան

Հարցազրույցը՝ տեսանյութով․