Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովում ավարտվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ գերիների ու անհետ կորածների հարազատների հանդիպումը։
NEWS.am-ի հետ զրույցում անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը հակիրճ ներկայացրեց հանդիպման մանրամասները. «Մարդու տղան (ԱԺ նախագահը-խմբ.) ասում է, որ դա սարքած թեմա է, ես տենց բան չեմ ասել, չնայած, իր խոսքը դեմը դրեցինք, ինքը շարունակում է ասել՝ չէ, ես ուրիշ տեքստ եմ ասել։ Ես գիտեի, որ կռուտիտ պիտի լինի։ Ինքը ներողություն խնդրեց, բայց ես չեմ ընդունել, բացատրել եմ, թե ինչու չեմ ընդունել։ Ինքն ասում էր էն բաները, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ինքը կանգնած նայում է մեր աչքերի մեջ ու ստում, ես ասում եմ՝ դու ասե՞լ ես բառը, ասում է՝ հա, ես ասում եմ՝ դու իրավունք չունես նման արտահայտության անելու, անկախ նրանից քեզ նկարո՞ւմ են, թե՝ ոչ, քանի որ քո ասածը կարող է ճակատագրական լինել մեր երեխեքի ապագայի վրա»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է գերիների ու անհետ կորածների հարազատներից 10 հոգու։
Հիշեցնենք, որ գերիների եւ անհետ կորածների հարազատներն այսօր առավոտյան Ազգային ժողովի մուտքի մոտ էին հավաքվել եւ սպասում էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Նրա մասնակցությամբ նախօրեին տեսանյութ էր հայտնվել համացանցում, որտեղ Ալեն Սիմոնյանն ասում էր, թե գերիներն իր համար չկան, նրանք զենքը դրել, փախել ու գերության մեջ են հայտնվել։
Մի քանի ժամ Ալեն Սիմոնյանին Ազգային ժողովի մուտքի մոտ սպասելուց հետո, գերիների եւ անհետ կորածների հարազատները որոշեցին փակել Բաղրամյան պողոտան, պահանջելով՝ Ալեն Սիմոնյանին իջնել իրենց մոտ։ Լրատվամիջոցների հետ զրույցում նրանք պատմել էին, որ ԱԺ ընդունարանում իրենց ասել են, թե միայն երկու հոգու կընդունեն, ինչին դեմ էին եղել գերիների եւ անհետ կորածների հարազատները ու որոշել էին փակել Բաղրամյան պողոտան։
Կարճ ժամանակ անց ոստիկանները բացեցին ճանապարհը, ապա ԱԺ–ում սկսվեց Կառավարության հետ հարցուպատասխանը, որից հետո միայն ԱԺ նախագահն ընդունեց գերիների եւ անհետ կորածների հարազատներին։