Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընտրություններից հետո 8 օր անցել է տեսե՞լ եք մի գերու վերադարձ։ Երեկ ադրբեջանցիները մտան, մեր տղերքին ծեծեցին, ջարդեցին, զենքերը վերցրին, լարեցին։ Հիմա ասեք՝ դո՞ւրս են եկել, թե՞ առաջ են գալիս։ Դուրս չեն գալիս մեր հողերից, հակառակը՝ առաջ են գալիս․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց անհետ կորած զինվորի հարազատը, որն այսօր կառավարության շենքի առջև պահանջում էր հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։
2020 թ․ Արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորած զինվորների հարազատները հուսահատության մեջ են, պատերազմից հետո 8,5 ամիս է անցել՝ երեխաներից լուր չունեն։ Վերջին մեկ ամսվա ընթացքում կառավարությունից որեւէ տեղեկություն չեն ստացել, չգիտեն՝ պատկան մարմիններն ինչ են անում։
«Եկել ենք՝ մտնենք կառավարություն, իմանանք՝ ե՞րբ ա պատրաստվում բերի մեր էրեխեքին, ե՞րբ սպասենք մեր էրեխեքի վերադարձին։ Ադրբեջանից նամակ եմ ստանում, որ դեկտեմբերի 17-ին իմ երեխան գերեվարվել է ու գտնվում է հիվանդանոցում, կառավարությունից ասում են՝ դա ապացույց չի, կարա սենց լինի, կարա նենց լինի։ Կարար եւ դու ստեղ նստած չլինեիր»,- ասաց կառավարության շենքի առջեւ ակցիա իրականացնող ծնողներից մեկը, որը վստահեցրեց, որ իր որդին գերության մեջ է։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավի ընթացքում արած այն հայտարարությանը, թե գերիներն իրեն կներեն մի քանի ամիս էլ գերության մեջ մնալու համար, նա ասաց․ «Մի քանի օր առաջ գերի ընկած մեր տղերքից մեկը (վերջերս վերադարձածներից մեկը - խմբ․) «Ֆեյսբուք»-ով պատասխանել է իրեն, թող բարի գտնվեն՝ լսեն, արդյո՞ք իրենց կներեն, հանդիպե՞լ են երեւիցե վերադարձած գերիներին, թող հարցնեն՝ կներե՞ն իրենց, թե՞ չէ»։ Բացի Փաշինյանից, որեւէ այլ անձի դիմել չեն ուզում, հիասթափված են, ասում են՝ բացի Փաշինյանից, որեւէ պատկան մարմին չկա, որ այս հարցին կարողանա լուծում գտնել։
«Մեզ ոչ մի կառույց չի հետաքրքրում, այդ կառույցներ մտնում, դուրս ենք գալիս, ճանաչում ենք, իրենք անզոր են։ Մեր հրամանատարը Փաշինյանն է, ընտրեցինք, ժողովրդով բերեցինք, հիմա թող մեր հարցերին պատասխանի՝ ո՞նց, ե՞րբ են գալու մեր էրեխեքը»։ Անհետ կորածի հարազատը շեշտում է՝ եթե կառավարությունը հետեւողական լիներ, տղաները 8,5 ամիս չէին տանջվի գերության մեջ։ «Ընտրություններն ավարտվել են, կառավարության կազմն են որոշում, նիստի օր են որոշում, շո՛ւտ արեք, էսօ՛ր, վա՛ղը, մյուս օրը արեք, արագացրե՛ք, մեր երեխեքը մեղք են։ Վիդեո ենք ցույց տալիս, որտեղ հստակ երեւում է, որ մեր երեխան է, Կարմիր խաչը, կառավարությունը ասում են՝ դերասաններ են, կեղծ վիդեո է։ Պատկերացնո՞ւմ եք՝ Կարմիր խաչը մտածում է՝ ռազմաճակատ դերասաններ են տարել ու սցենար են խաղում։ Հոկտեմբերին կռիվը շարունակվում է, դերասանը գնացել է այնտեղ կինո է խաղո՞ւմ, հա՞»։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան