կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-25 22:12
Հասարակություն

Մենք չենք լիազորել և լիազորում Փաշինյանին Հայաստանի անունից բանակցություններ վարի. Արա Զոհրաբյան

Մենք չենք լիազորել և լիազորում Փաշինյանին Հայաստանի անունից բանակցություններ վարի. Արա Զոհրաբյան

Այսօր Հանրապետության հրապարակում ընթացող «Ազատագրական շարժման» հավաքին «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Վանաձորից, Գյումրիից, Եղեգնաձորից, Նոր Հաճնից, Թալինի խոշորացված համայնքից, Աբովյանից, Եղվարդից և այլ բնակավայրերից այս օրերի ընթացքում եկել և մասնակցել են հավաքներին:

Նա նշեց, որ այսօր նաև Վանաձորում է հավաք և երթ տեղի ունեցել։

«Կոչ ենք անում մյուս բնակավայրերին նույնպես միանալ և ակտիվություն ցուցաբերել։ Եթե մենք չենք լուծում մեր հարցը, ապա դա անում են այլոք։ Եթե մեզ նեղություն չտանք հայրենիքը պաշտպանելու համար, ապա պատասխանը մեկն է՝ մենք արժանի չենք այս սուրբ հայրենիքին»,-հայտարարեց Զոհրաբյանը։

Անդրադառնալով վաղը սպասվող եռակողմ հանդիպմանը՝ Զոհրաբյանն ասաց․

«Մենք չենք լիազորել և լիազորում Նիկոլ Փաշինյանին, որ Հայաստանի անունից բանակցություններ վարի և հակահայկական ծրագրերին մասնակից դառնա։ Երբ պահանջվում էինք հրապարակել փաստաթուղթ, նա ասաց, որ այդ փաստաթուղթը հետո է լինելու։ Հիմա էլ ինչ-որ հանձնաժողով ստեղծելու մասին է խոսվում։ Իսկ ինչո՞ւ դա չի հրապարակվում, արդյոք այդ հանձնաժողով ստեղծելու փաստաթղթի մեջ այնպիսի ապահովվող պայմաններ կան, որի արդյունքում Արցախի կարգավիճակի հարցը չի վիժեցվում»։

Զոհրաբյանի փոխանցմամբ՝ վաղը վճռորոշ օր է, Փաշինյանը գնում է բանակցությունների, և, հնարավոր է, փաստաթուղթ ստորագրի։

«Ես չգիտեմ, թե ինչ ջանքեր ենք գործադրելու, այդ ստորագրած փաստաթղթերի դեմն առնելու համար, բայց մի բան պարզ է, երբ ժողովուրդը կամք է դրսևորում և իր «Ոչ»-ն ասում է այս իշխանությանը, դա ունենում է արդյունք։ Ցանկացած գերտերություն չի կարող հաշվի չնստել ժողովրդի կամքի հետ։ Կարևոր է, որ ցույց տանք այս իշխանության արածների հետ համաձայն չլինելը»,- եզրափակեց Արա Զոհրաբյանը, և հայտարարեց իրազեկող երթի մեկնարկի մասին։

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խումբը նաև տեղեկացրեց, որ վաղը, ժամը 18․00-ին Հանրապետության հրապարակում ևս նախատեսված է հանրահավաք։