կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-17 20:00
Հասարակություն

Քանի՞ դավաճան է այդ պիտակին արժանացել և պատասխանատվության ենթարկվել. Աղվան Վարդանյան

Մամուլի ասուլիսի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ով չկրակելու հրաման է տվել դավաճան է։

«Մայիսի 12-ին կատարվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի զավթում՝ Սոթքում, Շորժայում, մյուս տեղերում էլ։ Այն ժամանակ էլ չկրակելու հրաման տվողները դավաճա՞ն էին։ Քա՞նի դավաճան է 6-7 ամսվա ընթացքում այդ պիտակին արժանացել ու պատասխանատվության ենթարկվել։ Նա խոսում է ամպագոռգոռ բաներից, որի հետ կապ չունի։

Փաշինյանը իր երեկվա հայտարարությամբ ասում էր, որ Ադրբեջանը ագրեսոր պետություն է, և պետք է հանի զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից, բայց քանի դեռ այս իշխանությունն է, դա բացառված է, թուլամորթ, անուղեղ, անգործունյա, պատրաստ զիջելու միայն թե իշխանությունը պահեն»,-ասաց Աղվան Վարդանյանը։

Նա նշեց, որ ԱԺ մեծամասնության ու Կառավարության անդամներն ունեն «զրո» դերակատարություն, և հլու-հնազանդ կամակատարների նման ծառայում են մեկ մարդու։

«Իրականում ծառայում են իրենց իշխանությունն ու նոր ստացած հնարավորությունները պահելուն։ Քանի դեռ իրենք իշխանության են մեր պետականությունը միայն կորուստներ է ունենալու։

Ես չեմ հավատում, որ նա ինքնակամ հրաժարական կտա, եթե մինչ այս պահը չենք կարողացել հեռացնել նրան, դա բոլորիս խնդիրն է։ Դա գուցե մեկ շաբաթվա հարց չէ, բայց չի կարող չլուծվել, չի կարող Հայաստանը, հայությունը այս պետականակործան ուժի ձեռքում մնալ խաղալիք:

Ժամանակին այդ մարդը նույն արցախյան հարցի լուծումը ներկայացնում էր այնպես, որ առանց հանրության տեսակետի բացառված է, հերթական սուտն էր»,-ասաց Վարդանյանը։

Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո, Փաշինյանը բունկերից «ճղճղում» էր ու փորձում հասարակությանը մոլորեցնել։

«Հիմա մի քիչ ավելի հաբրգել է, փորձում է այլ դիրքերից խոսել։ Փաստաթղթի չստորագրումը պայմանավորվել է ընդդիմախոսների ակցիաներով, կարծում եմ՝ ներքին քայլերը այլ բան են հուշում։ ՔՊ-ական պատգամավորների հայտարարությունները դրա վկայությունն են։ Իմ կարծիքով խոսքը տարբեր ուժային կենտրոնների, տարբեր կողմերի ստվերային քայլերի հետևանքով է, որ այս վիճակում է հայտնվել։ Ադրբեջանն էլ կոկորդից բռնել է, մի պատասխան չի կարողանում տալ, մեր գերիներին է սպառնում»։

Ըստ Վարդանյանի, Փաշինյանը, բոլոր առկա փաստաթղթերը ստորագրել է իրավական հիմքերը խախտելով, իսկ նոր փաստաթղթի ստորագրումը վերահաստատելու է կատարվածը՝ կապիտուլյացիան.

«Սրանց յուրաքանչյուր քայլը մոտեցնում է իրենց վախճանին»։

Ինչ վերաբերում է մանդատները վայր դնելուն, Աղվան Վարդանյանը նշեց․

«Երբ հասունացավ պահը ո՛չ մանդատը, ո՛չ ԱԺ-ում լինելը, որևէ բան չի կաշկանդի, բայց մենք գործում ենք, իհարկե, որոշակի թերություններով, բայց խնդիրը հստակ է՝ սրան պետք է հեռացնենք»։

Մանրամասները՝ տեսանյութում: