կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-17 18:23
Հասարակություն

Իշխանությունը այդպես էլ չգիտակցեց իր առաջնահերթությունների ու անելիքների հաջորդականությունը. Վահե Հակոբյան

Իշխանությունը այդպես էլ չգիտակցեց իր առաջնահերթությունների ու անելիքների հաջորդականությունը. Վահե Հակոբյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն այսօր՝ նոյեմբերի 17-ին, հանձնաժողովի նիստի ընթացքում հետաքրքրվեց, թե որտեղ է հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, և իմանալով, որ վերջինս Սյունիքում է, իր դժգոհությունը հայտնեց՝ հարցնելով, թե ո՞վ կարող է պատասխանել՝ ինչու Հակոբյանը չի վարում այս նիստը,և հորդորեց ավելի գործընկերային գտնվել՝ շեշտելով, որ եթե ինքն էլ որևէ շտապ գործով բաց թողներ նիստը, այն չէր կայանա։

 Այս կապակությամբ NEWS.am-ը մեկնաբանություն խնդրեց Վահե Հակոբյանից։

Պարոն Հակոբյան, այսօր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նիստի բացմանը հարց հնչեցրեց, թե ուր է Վահե Հակոբյանը, և սրտնեղեց, որ նիստը ստիպված է ինքը վարել: Ի՞նչ կարող եք ասել այս առումով:

Ես կարծում եմ, որ իշխանությունը մամուլ չի կարդում, որ չհասկանա իր ապիկարությունը և հասարակության ռեակցիաները, բայց եթե նրանք կարդային մամուլ, կիմանային, որ ես իմ գործընկեր պատգամավորների հետ հիմա գտնվում եմ Սյունիքում` տեղում ծանոթանալու իրավիճակին, քանի որ իշխանության վերահսկման տակ գտնվող տեղեկատվական հոսքերից հստակ պատկերացում չի ստեղծվում, թե ինչ է իրականում կատարվել այնտեղ: Իսկ մարդիկ, ովքեր մեր գործընկերներն են ու այնտեղից մեզ տեղեկատվություն են տրամադրում, իշխանության տրամադրած տեղեկատվությանը հստակ հակասում է, այդ պատճառով ես ստիպված եմ գտնվել Սյունիքում, քանի որ երկրում իշխանություն չկա, եթե դուք նկատել եք:

Ինչ վերաբերում է Բաբեն Թունյանին, ցավում եմ, որ այս պահին «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը առավել կարևորվում է, երբ մենք ունենք անվտանգային լրջագույն խնդիրներ, ադրբեջանական զինված ուժերը բացահայտ ագրեսիա են դրսևորում մեր երկրի սուվերեն տարածքում և երեկ, փաստացի, Սյունիքում տեղի էին ունենում ռազմական գործողություններ, իսկ իշխանությունը, փոխանակ հրատապ զբաղվի մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովմամբ, այս պահին 2-րդական կարևորության նախագծեր է բերում Տնտեսական հարցերի հանձնաժողով և 24-ժամյա հրատապ ռեժիմով փորձում անցկացնել ԱԺ լիագումար նիստեր:

Կրկնակի ցավում եմ, որ իշխանությունը այդպես էլ չգիտակցեց իր առաջնահերթությունների ու անելիքների հաջորդականությունը: