կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-17 12:01
Քաղաքական

Հայաստանի իշխանությունները զիջում են՝ բացարձակ առանց դիմակայելու որևէ փորձի․ Անժելա Էլիբեգովա

Հայաստանի իշխանությունները զիջում են՝ բացարձակ առանց դիմակայելու որևէ փորձի․ Անժելա Էլիբեգովա

Հայաստանի իշխանությունները որևէ կերպ նույնիսկ չեն փորձում վիճարկել Ադրբեջանի պահանջները և որևէ բան չեն անում միջազգային մոդերատորների մասնակցությամբ այդ հարցը լուծելու ուղղությամբ և զիջում են բացարձակ առանց որևէ փորձի դիմակայելու դրան՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա էլիբեգովան։

«Խնդիրն այդ տարածքների հանձնման մեջ չէ, խնդիրն այն է, որ Ադրբեջանը ունի ճնշման լծակներ, հետևաբար, կա՞ պայմանավորվածություն, թե՞ ոչ՝ ես այդ հարցի պատասխանը չունեմ, բայց գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը շարունակելու է ճնշում գործադրել Հայաստանի վրա և շարունակելու է իր պահանջները ներկայացնել և բավարարել դրանք»,-ասաց ադրբեջանագետը։

Ադրբեջանը պարտվողի բարդույթից ազատվել է և նրա վարքագիծը շատ ավելի ագրեսիվ է դարձել, նկատեց նա, որովհետև Հայաստանը պարտվել է պատերազմում, իսկ ինչո՞ւ է պարտվել՝ պատերազմի արդյունքների հետաքննությունը ցույց կտա։

Ադրբեջանում դեռ վաղ հասակից հայության հանդեպ ատելության գեներացման հարցերն ուսումնասիրած մասնագետը խոսեց նաև տեսանյութի մասին, որում ադրբեջանական դպրոցի միջոցառման ժամանակ երեխաները Փաշինյանի ու Ալիևի դերախաղերով են հանդես գալիս՝ նվաստացնելով հայի կերպարը։

«Երևույթի դեմ պայքարելու հնարավորություն չեմ տեսնում, որովհետև մեր իշխանությունների համար հայատյացությունը խնդիր չէ, դրա համար պայքարելու լծակ մենք չունենք։ Դա որևէ մեկին չի հետաքրքրում, հակառակը՝ անընդհատ քարոզում են խաղաղության դարաշրջան, որը իրականության հետ բացարձակ կապ չունեցող զրույց է, որովհետև Ադրբեջանում նմանատիպ խաղաղասիրական միտումներ ոչ միայն չկան, այլ հակառակը՝ հայատյացություն կա»,-ասաց Անժելա Էլիբեգովան։

Հայաստանում ևս նոր սերնդի մոտ թշնամու հանդեպ ատելություն սերմանելը, նրա կարծիքով,  բացասական ազդեցություն կունենա հասարկության առողջության վրա, ինչը տեսնում ենք Ադրբեջանում, բայց դրա հետ մեկտեղ, նրա համոզմամբ, պետք է հասարակությունը պատրաստ լինի, ինֆորմացիա ունենա և ճիշտ պակտերացնի իրականությունը։

«Թշնամու կերպարի և խաղաղասիրական կեղծ պաթոսի փոխարեն հասարակությունը պետք է պատրաստ լինի դիմակայել թշնամուն, այսինքն, ներքին զգոնությունը չի կարելի թմրեցնել, բայց մենք ականատես ենք լինում հենց այդ պրոցեսին, երբ փորձում են հասարակության մեջ ինքնապաշտպանական բնազդները թմրեցնել»,-ասաց ադրբեջանագետը։

Նրա համոզմամբ, Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը բոլոր մեխանիզմները և բոլոր միջոցները, որոնք կարող են ծառայել պայքարին, պետք է կիրառի։ Ե՛վ փողոցային պայքարը, և՛ ԱԺ-ի ներսում պայքարը, և՛ հանրային ճնշումը, և՛ ԶԼՄ-ների ճնշումը՝ բոլոր լծակները, որ ընդդիմությունն ունի, և որով հնարավոր է ներազդել իրավիճակի վրա, ընդդիմությունը պետք է կիրառի Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար։

Աննա Բալյան