կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-13 13:17
Մշակույթ

YEREVAN JAZZ FEST միջազգային 7-րդ փառատոնը կմեկնարկի աշխարհահռչակ Ռիշար Բոնանի համերգով

YEREVAN JAZZ FEST միջազգային 7-րդ փառատոնը կմեկնարկի աշխարհահռչակ Ռիշար Բոնանի համերգով

Ջազի հայկական ասոցիացիան ներկայացնում է «YEREVAN JAZZ FEST 2021» միջազգային 7-րդ ջազ փառատոնը։

Այն կմեկնարկի նոյեմբերի 17-ին` Փրայմ Հոլում:  Չխախտելով արդեն ձևավորված ավանդույթը` այս տարի էլ փառատոնը կբացվի «Ararat Jazz Night» համերգով, որի գլխավոր հյուրը GRAMMY-ի դափնեկիր, աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիշար Բոնան է: 

«YEREVAN JAZZ FEST 2021»-ն այս տարի հանդես կգա նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ: Կինոյի տանը կցուցադրվի «Կեսգիշերին մոտ» (Round midnight) ջազային մոտիվներով ֆիլմը, երաժշտությունը` Հերբի Հենքոքի:

«Կեսգիշերին մոտ» ֆիլմի ցուցադրությանը կնախորդի համերգ, որի ընթացքում երիտասարդ ջազ երաժիշտները հանդես կգան կինոկնարում հնչած ստեղծագործությունների կատարումների իրենց մեկնաբանությամբ:

«YEREVAN JAZZ FEST 2021»-ի ջազ փառատոնը կհասնի նաև մարզեր: Գորիսում համերգով հանդես կգա Մալխաս ջազ բենդը, Դիլիջանում ելույթ կունենա Վահագն Հայրապետյանն իր բենդով:

Երևանում` «Արամ Խաչատրյան» համերգասրահում, տեղի կունենա «YEREVAN JAZZ FEST 2021»-ի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ միջոցառումը: Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախմբն ու Վահագն Հայրապետյան ջազ տրիոն: Կհնչեն Ա. Բաբաջանյանի  ստեղծագործությունները`Վահագն Հայրապետյանի ջազային մշակմամբ:

«YEREVAN JAZZ FEST 2021» միջազգային 7-րդ ջազ փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 6-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում `  կենդանի լեգենդ, աշխարհահռչակ թմբկահար Բիլլի Քոբամի և նրա բենդի համերգով։ Այն նվիրված է սիրված ջազ երաժիշտ, թմբկահար, ջազի պատմության գիտակ, մանկավարժ Արմեն Թութունջյանի (Չիկո) հիշատակին: