կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-12 13:22
Հասարակություն

Քանաքեռում սպանված «Տյուշի» չորս որդիները ձերբակալված են

Քանաքեռում սպանված «Տյուշի» չորս որդիները ձերբակալված են

Քանաքեռում երեկ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների՝ Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ «Տյուշի» և ևս երկու անձի, դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 5 անձ, այդ թվում՝ «Տյուշի» բոլոր չորս որդիները։ Ձերբակալվածներից մեկը 19-ամյա երիտասարդ է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ ժամը 02.40-ի սահմաններում զինված ընդհարում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետեւանքով 4 անձ սպանվել է, նրանց թվում՝ տանտերը, քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերի միջեւ առկա տարաձայնությունների քննարկման ժամանակ առաջինը կրակել է քրեական հեղինակությունը՝ Քանաքեռցի Տույը, որն այս ընտրություններում, ըստ շրջանառվող տեղեկությունների, հանդես է եկել որպես Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ՝ աշխատելով ՔՊ-ի օգտին։ Իսկ կրակոցներն արձակվել են Արայիկ Հարությունյանի կողմից պարգեւատրված զենքով։ Այնուհետեւ՝ Ա.Սիմոնյանի որդին ավտոմատով կրակոցներ է արձակել Տույի ու նրա մարդկանց ուղղությամբ։ 

Փոխհրաձգության արդյունքում 4 անձ սպանվել է, որոնցից երկուսը մահացել են տեղում՝ ԱԺ նախկին պատգամավորն ու քրեական հեղինակությունը, եւս երկուսը՝ հիվանդանոցում։ Հրազենային վնասվածքներով 4 անձ շարունակում է բուժօգնություն ստանալ հիվանդանոցում։ Վիրավորների թվում է նաեւ Արտուշ Սիմոնյանի՝ Տյուշի որդին։ Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 45 պարկուճ և գնդակ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության և ապօրինի կերպով զենք պահելու համար։