կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-09 08:14
Առանց Կատեգորիա

«Եթե այդ տարածքը հատկացված չէ գերեզմանատան համար, ինչպե՞ս կարող եմ տրամադրել որպես գերեզմանոցի տարածք»․ «Փաստ»

«Եթե այդ տարածքը հատկացված չէ գերեզմանատան համար, ինչպե՞ս կարող եմ տրամադրել որպես գերեզմանոցի տարածք»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստը» նախորդ համարում անդրադարձել էր Փարաքար համայնքի բնակիչների բողոքին: Նրանք մեզ հետ զրույցում տեղեկացրել էին, որ համայնքի գերեզմանատանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հայրը՝ Արշակ Մկրտչյանը, արհեստական թումբ է սարքել, գլխաքար դրել՝ իբր այդտեղ մարդ կա թաղված: Նրանց խոսքերով, սակայն, նա ուղղակի զավթել է այդ տարածքը՝ որպես գերեզմանոցի տեղ: Արշակ Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր, որ նախկինում այդտեղ եղել է քարհանքի տարածքը, սակայն հանքը դադարել է գործել: «Դիմել եմ Մերձավանի համայնքապետին, վերջին 10 տարվա մեջ խնդրել, 3-4 տեղ վերցրել: Գերեզմանոցը Փարաքարինն է, բայց քանի որ նախկինում եղել է հանքի տարածք, հիմա դա մտել է Մերձավանի վարչական տարածքի մեջ:

Ոչինչ ինքնագլուխ չեմ արել»,-նշել էր Մկրտչյանը: Խնդրի առնչությամբ կապ հաստատեցինք նաև Մերձավանի համայնքապետ Լևոն Գրիգորյանի հետ: Վերջինս էլ այս թնջուկի հետ կապված սեփական տեսակետը ներկայացրեց. «Ժամանակին ինձ մոտ եկել են գերեզմանոցի համար: Ճշտել եմ, որ այդ տարածքը մեր վարչական շրջանի տարածքում չէ, այլ Փարաքար համայնքի վարչական տարածքում: Գնացել եմ, ցույց տվել համայնքների սահմանները, իրենք այդտեղից գերեզմանոց են վերցրել, գիտեմ նաև, որ վերջերս ինչ-որ մեկի հուղարկավորությունն են կատարել:

Բայց վերջերս հանքի տարածքի վարձակալը զանգահարեց ինձ, ասաց՝ գերեզմանները, կարծես թե, մեր տարածք են մտնում: Գնացի, տեսա, որ ճանապարհի վրա գերեզմանոց է հայտնվել՝ գերեզմանաթումբ, ցանկապատ և այլն, հարցրեցի, թե սա ո՞վ է արել, սա արդեն Մերձավանի վարչական տարածքն է, ո՞վ է թույլ տվել քանդել: Ասացին, որ դա գերեզմանոց չէ, ուղղակի թումբ են արել, այդպես մնացել է: Հարցրեցի՝ ով է արել, ասացին Արշակը, բայց դա ես իրեն ցույց չեմ տվել: Ո՞նց կարող եմ իրեն Մերձավանի վարչական տարածքից հող տրամադրել, թեկուզ հուղարկավորության համար: Եթե այդ տարածքը հատկացված չէ գերեզմանատան համար, ինչպե՞ս կարող եմ տրամադրել իրեն որպես գերեզմանոցի տարածք:

Տվյալ տարածքի մասին, որ խոսվում է, քարտեզը հիմա ինձ մոտ է, գտնվում է Փարաքարի վարչական տարածքում, իսկ այդ մեկ գերեզմանատեղին, որտեղ որևէ մեկը թաղված չէ, Մերձավանի վարչական տարածքում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գրիգորյանը: Նա նաև առաջարկեց զրուցել գերեզմանատան պահակի հետ. «Ավելի ճիշտ կլինի պահակին հարցնեք, ինքը ձեզ ամեն ինչ կպատմի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում