կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-04 23:33
Աշխարհ

Հռոմի պապ հայտարարել է եկեղեցու ցավի եւ ամոթի մասին երեխաների նկատմամբ բռնության պատճառով

Հռոմի պապ հայտարարել է եկեղեցու ցավի եւ ամոթի մասին երեխաների նկատմամբ բռնության պատճառով

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկին անդրադարձել է մանկապղծության թեմային՝ ընդգծելով, որ անչափահասների նկատմամբ բռնությունը «ցավ եւ ամոթ» է առաջացնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Որպես Եկեղեցի` մենք բոլորս կոչված ենք գնալու ճանապարհով, դրդված ցավից եւ ամոթից, որ միշտ չէ, որ լավ խնամակալներ ենք եղել` պաշտպանելով անչափահասներին, որոնք վստահված են մեզ մեր կրթական եւ սոցիալական գործունեության մեջ»,- գրել է Ֆրանցիսկոս պապը մի շարք կաթոլիկ կազմակերպությունների կողմից Բոլոնիայում կազմակերպված երեխաների եւ դեռահասների հիմնախնդիրներին նվիրված համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, մասնավորապես, մատնանշել է հրատապ փոփոխությունների անհրաժեշտությունը բոլոր նրանց նախապատրաստման գործում, ովքեր զբաղվում են երեխաների դաստիարակությամբ կամ նրանց հետ աշխատանքով եկեղեցում, հասարակությունում եւ ընտանիքում: Նրա խոսքով` այս ոլորտում համակարգված կանխարգելիչ աշխատանքներ են անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի արմատախիլ անել «մահվան մշակույթը, որի կրողն են չարաշահումների բոլոր տեսակները», այդ թվում՝ սեռական ոլորտում։

Հոկտեմբերին Հռոմի Ֆրանցիսկոս պապը խորապես տպավորված էր Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցում սեռական բռնության հետաքննության անկախ հանձնաժողովի զեկույցի բովանդակությամբ։ Այս մերկացնող փաստաթղթի համաձայն՝ 1950 թվականից եկեղեցու գրկում գործել է ավելի քան 3 հազար մանկապիղծ, որոնց զոհ է դարձել ավելի քան 200 հազար անչափահաս։ Հոկտեմբերի 6-ին Վատիկանում ընդհանուր ընդունելության ժամանակ նա ֆրանսերեն ասաց. «Սա ամոթի պահ է»։

Հռոմի կաթոլիկ եկեղեցում անչափահասների նկատմամբ սեռական բռնության խնդիրը լուրջ մտահոգության առարկա է դարձել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի համար: 2018 թվականի օգոստոսին պոնտիֆիկոսը հրապարակեց հատուկ «Ուղերձն Աստծո ժողովրդին», որում նա կոչ էր անում հոգեւորականների ներկայացուցիչներին ապաշխարել եւ եկեղեցու կյանքից արմատախիլ անել այս ամոթալի երեւույթը, որը նա «վայրագություն» է կոչել։ 2019 թվականի մարտին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ստորագրեց երեք հիմնարար իրավական փաստաթուղթ՝ մանկապղծությանը հակազդելու համար. առաքելական ուղերձ Motu Proprio-ի (հատուկ գրագիր) տեսքով, Վատիկանի նահանգի նոր օրենք, ինչպես նաեւ ուղեցույցներ Վատիկանի փոխանորդության համար: