կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-04 17:02
Քաղաքական

Համերաշխությամբ՝ դեպի հպարտության աղբյուր Աշտարակի կառուցում. դաշնակցական թեկնածու

Համերաշխությամբ՝ դեպի հպարտության աղբյուր Աշտարակի կառուցում.  դաշնակցական թեկնածու

ՀՅԴ Արագածոտնի մարզային կազմակերպության անդամ Կարապետ Առաքելյանը տեղեկացնում է, որ 2021 թ դեկտեմբերի 5-ին կայանալիք՝ Աշտարակ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելու է ՀՅԴ ցուցակը։ Ստորև ներկայացնում ենք թեկնածուի հայտարարությունը։

Սիրելի´ հայրենակիցներ

Տեղեկացնում եմ ձեզ, որ ես՝ Կարապետ Արարատի Առաքելյանս, 2021թ․ դեկտեմբերի 5-ին անցկացվելիք՝ Աշտարակ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելու եմ ՀՅԴ-ի համամասնական ցուցակը։

Գիտակցելով ողջ պատասխանատվությունը՝ աջակցելու եմ ավագանու անդամներին, նպաստելու համախումբ գործելաոճին և համերաշության հաստատմանը: Հիշենք, որ պառակտումը, թշնամանքը, վստահության բացակայությունը և այլ արհեստածին ու չարորակ երևույթներ մեր ստեղծարար ընթացքը վերածել են մղձավանջի: Ուստի մեր թիմը ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի Աշտարակ խոշորացված համայնքի յուրաքանչյուր հաստատության ներսում ձևավորվի փոխադարձ հարգանքի ու համերաշխության մթնոլորտ:

Հայրենիքը չեն ընտրում, այլ ժառանգում են, և մենք ամեն ջանք պիտի գործադրենք այն հզորացնելու համար: Հիշենք, որ կյանքի դաժան աղջամուղջներում  հայ ժողովուրդը կարողացել է պահպանել  ապրելու  և  պայքարելու անկոտրում ջիղը: Դա այսօր առավել քան անհրաժեշտ է, քանզի ներքին և արտաքին մարտահրավերները դամոկլյան սրի պես վերստին կախված են մեր Հայրենիքի, ժողովրդի գլխին:

Վստահեցնում եմ՝ ողջ կյանքի ընթացքում մեր քաղաքի շահը ինձ համար առաջնային է եղել: Աշխատելով սոցիալական ոլորտում, քաջածանոթ լինելով մարդկանց կարիքներին ու հոգսերինˋ ընտրվելու դեպքում օգնելու եմ իմ համայնքի մարդկանցˋ լուծելով բազմաթիվ ու բազմապիսի խնդիրներ:

Որպես ազգային քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ հանդիսանալու եմ   նաև մայրենի լեզվի, մշակույթի, կրոնի և ազգային հարուստ ավանդույթների ոչ միայն պահպանման, այլև անաղարտ կերպով գալիք սերնդին փոխանցելու ջատագովը: Մենք առաջնորդվում ենք այն համոզումով, որ հայոց՝ հազարամյակների պատմությունը, համաշխարհային ճանաչում ձեռք բերած պատմական գանձերը, ի վերջո՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աճյունն իր մեջ անթեղած Աշտարակը պետք է ներկայանա իր իսկական դեմքով, բազմահազարամյա դիմագիծ, որը հպարտության աղբյուր կհանդիսանա յուրաքանչյուր աշտարակցու համար:

Եվ ուրեմն՝ դեկտեմբերի 5-ին միասին տանք մեր տան՝ բոլորիս սիրելի Աշտարակ խոշորացված համայնքի նոր ընթացքի մեկնարկը: