կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-29 14:20
Հասարակություն

Արամ Մանուկյանի կյանքը ազգային հպարտության աղբյուր է և դաս՝ սերունդների համար

Արամ Մանուկյանի կյանքը ազգային հպարտության աղբյուր է և դաս՝ սերունդների համար

Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգիի սենյակը եւ խոսեցեք ձեր խղճի հետ եւ ըսեք, արդյոք աշխատե՞ր եք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամ, տվե՞ր էք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը:

Նիկոլ Աղբալյան


Հայոց բազմադարյա պատմության կերտած բազում մեծերի մեջ ամենամեծերից մեկն է Արամ Մանուկյանը: Քիչ չեն ազատագրական նոր պայքարի եւ հայոց պետականության վերականգնման բովում հերոսացածները, բայց նրանց բոլորի թվում առանձնահատուկ է Արամը, որպես նոր պետականության հիմնադրի կերպարը առավել չափով մարմնավորող գործիչ:

19-րդ դարի վերջին տասնամյակներին թափ առած ազգային ազատագրական պայքարի գործիչներն ու գաղափարախոսները, փայփայելով հայրենիքի ազատագրության տեսլականը, այդ ազատագրությունը տեսնում էին տասնամյակների մշուշոտ հեռուներում: Բայց արդեն 20-երորդ դարասկզբին, ասպարեզ իջավ ազատագրական պայքարի նոր սերունդը, որի տենչանքը դարձավ Հայաստան պետությունը հիշողությունից իրականություն վերադարձնելու գաղափարը: Անկախ պետականության վերականգնման նպատակը այն միջոցն էր, որը կարող էր երաշխավորել ազգի ֆիզիկական գոյությունը եւ հավերժությունը:

Այդ մտասեւեռումը ապրում էր Արամի մեջ ու դրսեւորվել է նրա ողջ գործունեության ընթացքում:

Նրա գործունեությունը սկսվել է շատ վաղ, դեռեւս աշակերտական տարիներից, երբ Շուշիի հայրենասեր ու ըմբոստ թեմականների շարքում, Սարգիս Հովհաննիսյան ապագա Արամ Մանուկյանը տարվել էր ազգային-հասարակական գործունեությամբ: Այդ շրջանից սկսած եւ իր ապրած հետագա ողջ կյանքի ընթացքում , որտեղ էլ որ գտնվել է, ինչ պատասխանատվություններ էլ որ ստանձնել է, Արամը եղել է իրադարձությունների կենտրոնում՝ նախաձեռնությունների կազմակերպիչն ու գործերի ղեկավարը:

Գործունեության առաջին իսկ օրերից դրսեւորել է առջեւից գնացող առաջնորդողի ձիրք, եւ պատասխանատվություն ստանձնողի համարձակություն:

Կարելի է մտովի անցնել Արամի ապրած փոթորկոտ կյանքի ճանապարհով եւ տեսնել, որ Շուշիից՝ Բաքու, Բաքվից՝ Կարս, Կարսից՝ Վան եւ վերջապես Երեւանով ավարտվող կարեւոր բոլոր հանգրվաններում, նրան միշտ վստահվել են պատասխանատու աշխատանքներ եւ նրա մասնակցությամբ իրագործված ծրագրերը ունեցել են արդյունավետ ընթացք ու շոշափելի հաջողություններ: Օժտված լինելով ղեկավարի բնածին ունակություններով, երկու ոտքով կանգնած լինելով Դաշնակցության գաղափարա-քաղաքական հիմքի վրա, Արամը փորձել է առանց խտրականության եւ հավակնոտության շուրջը համախմբել ազգի կարող ուժերին՝ լինել շրջահայաց ու համբերատար, զերծ մնալ մանր կրքերից, դրսեւորել նրբանկատություն ու ճկունություն՝ համատեղված ներուժով կարեւորագույն խնդիրներին լուծում բերելու համար: Միաժամանակ Արամը երկաթյա կամքով ու վճռականությամբ օժտված առաջնորդ էր:

Առասպելական հավատ ու կամք պետք է ամփոփված լինի մեկ մարդու մեջ կարողանալու համար ամենօրյա զրկանքների, առողջական խնդիրների, վտանգների, եւ ազգի գլխին կախված ահագնացող աղետի պայմաններում չհուսահատվել, չընկրկել, եւ շարունակել գործը, որին զինվորագրվել ես:

Վկայաբերենք մեկ օրինակ իր հուշերից: 1905-1907 թվականներին Վանում ծավալած գործունեության ընթացքում նա իր ընկերների հետ հարկադրված է եղել ամեն օր, իսկ երբեմն էլ օրը մի քանի անգամ փոխել կեցավայրը: Ցերեկները թաքնվել, իսկ գիշերները զբաղվել հեղափոխական գործունեությամբ: Քաղցած մնալ, եթե նոր թաքստոցի տերերը չեն կերակրի եւ կարողանալ փախչել, երբ հաճախ հոդացավը թույլ չի տվել ինքնուրույն շարժվել տեղից: Ճանաչված լինել, եւ իմանալ, որ թուրքական ուժերի հետապնդման թիրախում ես, բանտարկվել եւ համոզված լինել, որ մահվան հեռանկարի առջեւ ես:

Հայրենի պետականության վերականգնման ձգտումը Արամի մեջ էր եւ նա փորձեց իրագործել այդ նպատակը դեռեւս Վանում, երբ գործողության մեջ էր ցեղասպանության ծրագիրը:

1915թվականի մայիսի 7-ին ստանձնելով Վան Վասպուրականի ժամանակավոր նահանգապետի պաշտոնը Արամը ձեռնամուխ եղավ պետական կառույցների ձեւավորմանը, ժողովրդի խարխլված կյանքի կազմակերպմանը:

Նիկոլայ երկրորդին հղված հեռագրում նա Վանը անվանում է Հայաստանի մայրաքաղաք եւ խնդրում է ցարին, իրենց ընդունել ռուսական հովանու ներքո, որպես ինքնավար Հայաստան:

Դժբախտաբար օտարի ձեռքով բերված ազատությունը երկար չէր կարող գոյատեւել եւ երկրորդ անգամ նա անկախ Հայաստանի ստեղծումը պիտի նախաձեռներ Երեւանում՝ եւ արդեն սեփական ուժերին ապավինելով:

1917 թվականի դեկտեմբերի 18-ին հանդես գալով Երեւանի Հայոց Ազգային խորհրդի նիստում նա ասում է.«Ամեն ոք իր մասին է մտածում. Իր երկրի սահմաններից այն կողմ եթե նայող կա, նայում է միայն հանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու համար:Եթե ընդհանուր ուժերով ճակատ պահելու խոսք էլ է լինում, դա լոկ խոսք է՝ զուրկ իրական հիմքից եւ անկեղծությունից: Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում, շոշափելի օգնություն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կա դավադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պետք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու եւ թե երկրի ներսը կարգ հաստատելու համար»:

Պատահական չէ, որ Հայոց ազգային կենտրոնական խորհուրդը 17 թվականի դեկտեմբերին հենց Արամին գործուղեց Երեւան: Ռուսաստանում բոլշեւիկյան հեղափոխությունից հետո եւ ռուսական զորքերի կողմից թուրքական ճակատը լքելու պայմաններում Անդրկովկասում պետական իշխանությունը փաստացի փլուզվել էր: Արեւելահայությունը եւս հայտնվել էր տագնապի ու հուսալքության մեջ, լկտիացել էր ներքին թշնամին, իրական էր թուրքական զորքերի Կովկաս առաջխաղացման վտանգը:

Այս անձեւ քաոսի պայմաններում, ինչպես գրում է ժամանակի գործիչներից Արշալույս Աստվածատրյանը. «Ազգային խորհուրդը 1917 թվին հեռատեսություն ունեցավ եւ Երեւան ուղարկեց շատ պատասխանատու գործով Արամին՝ աչքի առաջ ունենալով նրա գործ կազմակերպելու եւ այն վարելու բացառիկ կարողությունները՝ բացառիկ ծանր պայմաններում»:

Արժեւորելով 1918թվականի մայիսյան հաղթանակները, անհրաժեշտ է փաստել, որ այդ ամենի իրագործումը անհնարին էր լինելու, եթե Արամի գլխավորությամբ չհաջողվեր նախապես ստեղծել զինվորական միավորումներ, ամեն տեսակի օգնություններ հասցնել ճակատ, խաղաղեցնել երկրի ներսում ընդհարումներ եւ խափանարարություն ձեռնարկող թուրք-թաթարական խաժամուժին, չնախաձեռնվեր պետական կառույցների ձեւավորումը, լուծում չտրվեր ժողովրդի բազում կարիքներին եւ թերեւս ամենակարեւորը՝ իր անչափելի եռանդով, վճռականությամբ, եւ հավատի ու լավատեսության ուժով Արամը չվարակեր եւ պայքարի չմղեր, բարոյալքված, հուսահատության մատնված զանգվածներին:

Հերոսամարտերի նախօրյակին նույնիսկ զինվորական ու քաղաքացիական ղեկավարներ չէին հավատում, թե Երեւանից ոչ հեռու, կարելի է բացճակատ դուրս գալ թուրքական կանոնավոր զորամիավորումների դեմ:

Մայիսի 19-ին երեկոյան, Ազգային խորհրդի նիստում հարց բարձրացվեց Երեւանը հանձնելու եւ դեպի նոր Բայազետի լեռները քաշվելու մասին, բայց Արամի անքննելի վճիռն էր. «Ոչ մի նահանջ, ոչ մի գծի վրա: Նահանջ Երեւանից՝ կնշանակե խաչ քաշել մեր ամբողջ գործունեության եւ մեր ապագա քաղաքական մուրազներուն վրա, բոլորդ պիտի մնաք եւ մեռնիք: Երեւանը չենք դատարկի, եւ պետք է կռվենք, դիմադրենք թշնամուն մինչեւ վերջին մեր կաթիլ արյունը, մինչեւ վերջին գնդակը»:

Դիմելով Երեւանի ազգային խորհրդի առջեւ խռնված բազմահազար ժողովրդին ու զինվորականությանը, ովքեր պարտվողական տրամադրությամբ համակված չէին ցանկանում ճակատ մեկնել Արամը ասում է. «Կամ այստեղ ինձ կխփեք կամ բոլորդ կգնաք կռվի դաշտ»:
Արամը կարողացավ կամք պարտադրել բոլոր հոռետեսներին եւ մղել պայքարի:

Օրվա հայտնի գործիչներից Սարգիս Օհանջանյանը այդ օրերին ասել է.«Արամն է, որ լուսավորում է բոլորիս ճամփան, եւ քանի նա կա, կասկած չունեմ, որ հաջողելու ենք եւ լույս աշխարհ ենք դուրս գալու այս խոր Վիրապից»:

Հայաստանի անկախացումից հետո ստանձնելով ներքին գործոց նախարարարի պաշտոնը, Արամը փաստացի դառնում է գլխավոր դերակատար, որը ոչ միայն երկրի ներքին անվտանգության խնդիրներով էր զբաղվում, այլ ըստ էության զբաղվում էր ամեն տեսակի գործերով: Հենց նրա նախարար եղած ժամանակ էր, որ հիմնականում լուծվեց Հայաստանի անվտանգ ապագայի հարցը՝ երկիրը մաքրագործվեց թշնամական հինգերորդ շարասյունից ու հայացավ:
Դժվարին, ինքնամոռաց կյանքը ժամանակից շուտ հյուծեց եւ մահվան դուռը հասցրեց մեծ գործչին, ում գոյությունը առանցքային նշանակություն ուներ, բազում փորձություններ դիմագրավող, նոր ձեւավորվող պետության համար:

Անիրական, մեր օրերի արժեչափերով ավելի շուտ հեքիաթ է թվում այն իրողությունը, որ երկրի առաջին դեմքը հենց իր համեստ ու խստակենցաղ ապրելակերպով դատապարտեց իրեն մահվան: Ծանր հիվանդ ժամանակ անգամ նա հրաժարվում է իր համար հայթայթված դեղից, առաջարկելով, որ այն տրամադրվի որեւէ գաղթականի:

Արամ Մանուկյանի կյանքը վաղուց պատմություն է դարձել, բայց նրա ապրածը ազգային հպարտության աղբյուր եւ դաս է սերունդների համար:
Այսօրվա սերունդները պետք է լավ հասկանան, որ չեն ունենալու նվիրյալ իշխանությամբ հզորացող պետություն մինչեւ սեփական մաշկի պես տերը չդառնան սեփական անցյալին եւ այդ անցյալի հերոսական էջերը կերտած նվիրյալների մտածողությանը:

Արտաշես Շահբազյան