կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-18 17:23
Քաղաքական

Մեկ տարի առաջ առանց կրակոցի ընկավ Սյունիքի վահանը՝ հայոց Կովսականը

Մեկ տարի առաջ առանց կրակոցի ընկավ Սյունիքի վահանը՝ հայոց Կովսականը

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրանում է մեկ տարին, ինչ Արցախի հարավային Կովսական քաղաքը՝ հարակից շրջաններով, ընկավ թշնամու տիրապետության տակ։

Մեկ տարի առաջ թշնամի պետության նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Կովսական քաղաքն ու հարակից 6 գյուղերն անցել են իրենց տիրապետության տակ։ Սակայն Հայաստանում, վստահելով իշխանությունների և պետական չինովնիկների խոսքերին, դա համարեցին ադրբեջանական հերթական կեղծիքը։ Ցավոք, օրեր անց հայկական իշխանություններն արդեն անկարող էին թաքցնել տեղի ունեցած աղետը։

Կովսականի և Քաշունիքի անկումը նշանակեց, որ Արցախը կտրվեց Արաքս գետից և իրանական սահմանից։

Մինչ տարածվում էին Կովսականի անկման մասին տեղեկությունները, հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երիտասարդ պատգամավորները՝ խրոխտ կեցվաքծով, զինվորական տարատեսակ համազգեստներով, այցելեցին Արցախ, հանդիպեցին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպման ժամանակ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ Կովսականի, Իշխանաձորի և Միջնավանի տարածքում համառ մարտեր են ընթանում․ ցավոք, դա հերթական սուտն էր, քանզի Կովսականն արդեն ընկել էր, ընկել առանց կրակոցի, առանց պայքարի, հերթական նահանջի արդյունքում։

Դրանից հետո թշնամին արդեն սկսեց տարատեսակ տեսանյութեր տարածել հայկական քաղաքից, որից ամենացավալին ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրու և նրա անունը կրող դպրոցի պղծումն էր, դպրոցի վրա ադրբեջանական դրոշի ծածանումը։

Մեծ Հայքի Սյունիք նահանգի պատմական Կովսական քաղաքը թշնամուց ազատագրվել էր իր անկումից 27 տարի առաջ՝ 1993 թ․ նոյեմբերի 1-ին՝ Հադրութի (Արթուր Աղաբեկյան), Մարտունու (Մովսես Հակոբյան) Շուշիի (Վաչագան Իշխանյան) պաշտպանական շրջանների և Մանվել Գրիգորյանի ղեկավարած 5-րդ մոտոհրաձգային բրիգադի, «Սիսական», «Արաբո», «Սև հովազ» ջոկատների կողմից։

Կովսականի ազատագրումը հսկայական նշանակություն ուներ Հայաստանի համար, հատկապես՝ անվտանգային առումով․ Հայաստանի ամենանեղ՝ Սյունիքի հատվածն այլևս ՀՀ ամենախոցելի շրջանը չէր։ Սյունիքի ու Կովսականի միացմամբ Հայաստանը լուծեց անվտանգային կարևորագույն խնդիր՝ կասեցնելով Սյունիքով դեպի թյուրքական աշխարհ հասնելու՝ Թուրքիայի ծրագիրը։

Սակայն ազատագրումից 27 տարի անց Կովսականն առանց կրակոցի ընկավ, իսկ Սյունիքը հայտնվեց թշնամու առաջ ամբողջությամբ անպաշտպան։


Արգամ Եղիազարյան