կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-16 14:57
Տնտեսական

Հայաստանը՝ եռակողմ շրջափակման եւ տնտեսական կոլապսի մեջ

Հայաստանը՝ եռակողմ շրջափակման եւ տնտեսական կոլապսի մեջ

Այն եկամուտները, որոնք պետք է մտնեին Հայաստան, գնում են Ադրբեջան։ Բոլոր տիպի իրացման ենթակա ապրանքները մեխանիկորեն ավելի մեծ իրացման շուկաներում գնաճի պատճառ են դառնում,-մեկնաբանելով Գորիս-Կապան ճանապարհահատվածով անցնող իրանական բեռնատարները կանգնեցնելու, վարորդներից փող վերցնելու, նրանց ձերբակալելու գործողությունները՝ Yerkir.am-ին ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Տնտեսագետի խոսքով՝ այս երեւույթները բերելու են նոր գնաճի եւ, դրանից բացի, խախտվելու են հայ-իրանական տնտեսական հարաբերությունները։

«Բազմաթիվ բացասական տնտեսական երեւույթներ են առաջանալու Հայաստանի համար։ Տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության կտրվածքով մենք դրանով ցավ ենք պատճառում Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Եթե մենք մեր երկրին տիրություն չենք անում, փաստորեն Իրանին զրկում ենք ընդհանրապես այլ գործընկերների հետ ուղղակի կապ ունենալուց»,-նշեց Վարդան Բոստանջյանը։

Իրանի հետ սահման չունենալով՝ ըստ էության, Հայաստանը կհայտնվի շրջափակման մեջ երեք ուղղություներով՝ ունենալով ելք միայն Վրաստանով, ինչը, սակայն, այդքան էլ հուսալի չէ։

«Ցցուն օրինակ կա, որից այն կողմ գնահատական գոյություն չունի։ 2008 թվականին, երբ տեղի ունեցավ Վրաստան-Ռուսաստան ընդհարումը, մենք հայտնվեցինք անկլավային վիճակում՝ մեկ ելք ունեինք ընդամենը՝ շնչահեղձ չլինելու համար․ Իրանով ելքն էր: Այսինքն, Վրաստանը, որպես այդպիսին, իր շահերը հետապնդելով՝ բազմաթիվ դեպքերում հենց հակառակ է գնում Հայաստանի Հանրապետությանը։ Մենք ինքներս էլ նպաստում ենք մեր շրջափակման խնդրի շուրջ։ Մենք ենք այդ խնդիրն ավելի ուժեղացնում»,-Yerkir.am-ին հայտնեց Վարդան Բոստանջյանը։

Տնտեսագետի խոսքով՝ այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, անցած տարվա նոյեմբերի 9-ի ու այս հունվարի 11-ի արձանագրությունների հետեւանքն են։ 

«Անկախ այն պայմանավորվածություններից, որ դրանք հայ ժողովրդի համար ոչ ցցուն ձեւով պետք է կատարվեն, բոլոր պարագաներում Ադրբեջանն անում է այն, ինչը պարտավոր է՝ այդ թղթով։ Դրա վկայությունը այն է, որ հայկական տարածքները Հայաստանի վարչապետն անվանում է թուրքերեն, ադրբեջաներեն։ Սա նշանակում է, որ ստորագրված է՝ տարածքները հանձնել թշնամուն։ Գեոկառավարիչները մեծ խնդիր ունեն ռուսական ազդեցությունն այստեղ զրոյացնել, դրա փոխարեն վերականգնել Թուրքիայի ազդեցությունը։ Եւ այս ամենը քայլ-քայլ կատարվում է․ նրանք խոսում են միջանցքի մասին, արդեն անցել են գործողությունների․ թշնամին, Հայաստանի տարածքում դիրքեր դնելով, արգելում է օտարերկրացիների մուտքը՝ իբր նրանք գտնվում են ադրբեջանական տարածքում, ձերբակալվում են, կրում հարկային պարտավորություններ։ Մեր վիճակը շատ վատ է, բայց կառավարողները ոչ թե չեն նկատում, այլ մտածված՝ հենց այդ գործողություններն են կատարում»,-Yerkir.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը։