կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-23 13:00
Հասարակություն

Մենք կոլապսի առաջ ենք կանգնելու. առևտրականները` Հովիկ Աբրահամյանին

Մենք կոլապսի առաջ ենք կանգնելու. առևտրականները` Հովիկ Աբրահամյանին

Կառավարության առջև այսօր բողոքի են դուրս եկել հարյուրավոր առևտրականներ Երևանի գրեթե բոլոր տոնավաճառներից: Նրանք դեմ են կառավարության նոր հարկային քաղաքականությանը:

 

Արդեն հայտնել ենք, որ բողոքողների մոտ իջավ ՀՀ վարչապետը: Քաղաքացիները նրան փորձեցին ներկայացնել իրենց բողոքը:

 

Հիշեցնենք, որ խնդիրն այս տարվա հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող  «Շրջանառության հարկի մասին» ՀՀ փոփոխված օրենքն է:   Բանն այն է, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին, ինչի պարագայում վերջիններս իրենց հերթին չեն կարող փաստաթղթեր ներկայացնել համապատասխան մարմիններ: Ըստ այս օրենքի` առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Նոր օրենքով թղթաբանությունն է ավելանալու:

 

«Մեղք է էս ժողովուրդը, շատ մեղք է: Օգնեք մեզ»,- վարչապետին խնդրում էին քաղաքացիները` հավելելով, որ նոր հարկային քաղաքականությունն իրենց կանգնեցնելու է կոլապսի առաջ:

 

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք բողոքը հիմնականում նոր հարկային քաղաքականությունից է, վարչապետը խոստովանեց, որ բողոքը  կառավարության  կողմից իրականացվող նոր հարկային քաղաքականության դեմ է, որի նպատակն է պայքարել ստվերի դեմ:


Մանրամասները` տեսանյութում: