կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-02 17:12
Քաղաքական

Փաշինյանն արցախցիներին ասելու բան ունենար, Արցախում կլիներ. Լիլիթ Գալստյան

Սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրվա կապակցությամբ, Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում որևէ բառով չի անդրադարձել իր իշխանության գործողությունների, ինչպես նաև կայացրած որոշումների հետևանքով սեփական հայրենիքից զրկված, Արցախից տեղահանված ու սեփական հայրենիքում դպրոց հաճախելու իրավունքից զրկված արցախցիներին։

Արցախյան 44-օրյա պատերազմի հետանքով Արցախի 75 տոկոսը, այդ թվում՝ 107 հանրակրթական, 17 նախադպրոցական հաստատություն հանձնվել է Ադրբեջանին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը, անդրադառնալով սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրվա կապակցությամբ Փաշինյանի ուղերձին և փաստին, որ արցախցիների մասին որևէ հիշատակում չկար, նշեց, որ արցախցի դպրոցականների մասին Փաշինյանը չի խոսել, նրա իշխանության ընդունած Կառավարության ծրագրում էլ Արցախի Հանրապետություն ձևակերպումը չկա, որովհետև գործող քաղաքական իշխանությունը եկել է իշխանության Արցախից ազատվելու նպատակով ու չի կրում իր գործողությունների պատասխանատվությունը։ 

«Դեռ 3 տարի առաջ իշխանության եկավ մի քաղաքական ուժ, որն իմացյալ երկիրը տարավ պարտության՝ սկսելով ու մինչև հիմա շարունակելով նվաստացման խաղաղության թեզը։ Նրանք հայ ժողովրդի մեջ սպանել են ապագա ունենալու հեռանկարը, ու դրա մասին է խոսում հայկական բնակավայրերը թուրքական անվանումներով կոչելը։ Այս ու այլ բաները խոսում են մի բանի մասին՝ սրանք եկել են իշխանության՝ հանձնառությամբ ծախելու մեր ազգային շահերը»,- ասաց Լիլիթ Գալստյանը՝ շեշտելով, որ, եթե Նիկոլ Փաշինյանն արցախցիներին ասելու բան ունենար, ապա չէր ստացվի այնպես, որ վաղը՝ Արցախի անկախության հռչակման օրը, 30-ամյա մեր պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ներկա չի լինի Արցախում։

«Ոչինչ պատահական չի կատարվում։ Արցախ ինքը չի գնալու, Ազգային ժողովի նախագահն էլ չի գնալու։ Սա վկայում է այն բանի մասին, որ նրանք եկել էին իշխանության՝ Արցախից իրեն ձեռքերը լվանալու համար»,- ասաց Գալստյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ուղերձի այն շեշտադրմանը, որ Հայաստանի Վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ ռազմավարական նպատակ են հռչակել կրթությունն ազգային ապրելակերպ դարձնելը, Լիլիթ Գալստյանը նշեց, որ վերարտադրված իշխանության գործունեությանը նախորդող 3 տարիներն ապացուցում են, որ այս իշխանության համար չի կարող կրթությունն ազգային ապրելակերպ դառնալ։

«Չի կարող, որովհետև իշխանությունը կրթության և մշակույթի հարցում չունի զարգացման ռազմավարություն և այս երկու ոլորտներին էլ տալիս է կամայական լուծումներ, ինչը պատահական չէ, որովհետև հենց կրթությունն ու մշակույթն է սնուցում մեր ինքնությունը, ազգային տեսակն ու պահանջատիրությունը։ Ողնաշարից հարվածներ են հասցնում այդ ոլորտներին։ Այս իշխանության ընդունած հնգամյա ծրագրում անգամ ազգային բառը գործածված չէ, հետևապես, ինչպե՞ս պետք է նրանք կրթությունը դարձնեն ազգային ապրելակերպ»,- ասաց Գալստյանը՝ ընդգծելով, որ Կառավարության ընդունած ծրագրում՝ ամբողջությամբ, իսկ կրթության ոլորտում՝ մասնավորապես, չկան ռազմավարական նշանակության ծրագրեր, չկան նաև տրված խոստումների չափելիությունն ապացուցող ցուցանիշներ, ինչն էլ վկայում է, որ ունենք ընդամենը կենացների մակարդակով գրված ծրագիր։

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամի խոսքով՝ Կառավարության ընդունած ծրագիրը չունի մեր իրականությանը համարժեք բովանդակություն նաև այն պատճառով, որ գրվել է առանց ոլորտային մասնագետների հետ քննարկման։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում