Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, որ Ազգային ժողովում կրքեր են եռում, նորմալ է. իհարկե, ավելի լավ է չբղավել կամ իրար չվիրավորել, բայց դրա մեջ էլ ոչ մի արտառոց բան չկա՝ ոչ մեր, ոչ էլ աշխարհի որեւէ այլ խորհրդարանի պրակտիկայում: Իշխանավորների կեցվածքի մեջ նույնպես որեւէ արտասովոր բան չկա. կոմունիստների, ՀՀՇ-ականների (իշխանության 3-րդ տարուց սկսած), ՀՀԿ-ականների նման, նրանք փքված են, ինքնագոհ, քննադատության եւ իրենց մատչելիության համար ամեն կողմից արգելքներ դնող: Հատկանշական է, որ ԱԺ նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանի, ըստ էության, առաջին որոշումն այն մասին է, որ լրագրողները չկարողանան հեշտությամբ մոտենալ պատգամավորներին:
Հեղափոխական իդեալիստներից նրանք երեք տարում վերածվեցին ձանձրալի բյուրոկրատների՝ իրենց հարմարավետության եւ բարեկեցության մասին հոգացող, օլիգարխիայի հետ սերտ կապերի մեջ մտնող: Իմ կարծիքով՝ պատերազմում նվաստացուցիչ պարտությունից հետո այս իշխանությունն իրավունք չուներ մնալու՝ վարչապետի գլխավորությամբ, նրանք պետք է վերանային քաղաքական ասպարեզից: Բայց իմ կարծիքն այստեղ որոշիչ նշանակություն չունի, կարեւոր է ընտրություններին մասնակցող քաղաքացիների մեծամասնության կարծիքը, իսկ այդ մեծամասնությունն ինձ հետ համաձայն չէ:
Ընտրությունները ցույց տվեցին, որ այդ մեծամասնությունը պատրաստ է փողոց դուրս գալ՝ երթուղային տաքսիներին հավելյալ 50 դրամ չտալու համար, բայց չի ցանկանում ընդվզել ազգային աղետի դեպքում: Մեծամասնության կարծիքի հետ կարելի է համաձայն չլինել, բայց այն որոշիչ է: Իմ ընկալմամբ՝ դա պետք է լինի խորհրդարանական ընդդիմության գործունեության մեկնակետը: Երբ նրանք ասում են՝ «մենք չենք եկել այստեղ ձեզ հետ հարցեր քննարկելու», դա ինձ բավականին տարօրինակ է թվում: Եթե քաղաքական ուժը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, ուրեմն ընդունելի է համարում քաղաքական պայքարի խորհրդարանական ձեւերը: Տեսականորեն կարող է լինել այնպիսի կուսակցություն (ենթադրենք, ծայրահեղ անարխիստական), որը նման ձեւերը մերժում է, բայց Հայաստանում այդպիսի կուսակցություններ, կարծես թե, չկան՝ նույնիսկ նախկինում զինված ջոկատներն էին ընտրություններին մասնակցում: