Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին աջակցության նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Ուշադրություն Գորիս համայնքի բնակիչներին (եւ ոչ միայն)
Այսօր՝ 21.07.2021թ, ժամը 17:00-ից, Գորիսի Սբ. Գ. Տաթևացու հրապարակում մեկնարկեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանքից ազատ արձակելուն միտված ստորագրահավաքը։ Պետք է նշենք, որ ժամը 16:30-ից արդեն սպասողներ կային, եւ ստորագրահավաքին միանալ ցանկացողների հոսքը չէր դադարում ընդհուպ մինչև ժամը 23:00-ը։ Մարդիկ գալիս էին ընտանիքներով եւ անձնագրերով։ Շատերը ցանկություն էին հայտնում միանալ կազմակերպչական աշխատանքներին։ Ստորագրողներից հաճախակի խնդրանք էինք ստանում՝ քաղաքի և համայնքի այլ կետերում և՛ս ստորագրելու տեխնիկական հնարավորություն ապահովել. դա պատճառաբանվում էր, որ կան տարեցներ, երեխա խնամող ծնողներ, առողջական խնդրով համաքաղաքացիներ և այլք, որոնք մեծ ցանկություն ունեն միանալու ստորագրահավաքին, բայց տեխնիկապես դժվարանում են գյուղից կամ քաղաքի այլ հատվածից նշված ժամին հասնել կենտրոն։ Նախաձեռնող խմբի անդամներով հարցը քննարկելուց հետո՝ որոշեցինք, որ ստորագրահավաքը վաղն էլ կշարունակենք, ինչպես նաև, մեր կամավորների օգնությամբ փորձում ենք քաղաքի այլ վայրերում և՛ս ապահովել ստորագրահավաքին մասնակցելու տեխնիկական հնարավորությունը։
Վաղը ստորագրահավաքը կսկսենք ավելի վաղ՝ ժամը 15:00-ից, իսկ քաղաքի այլ հատվածներում և մերձակա գյուղերում ստորագրահավաքին միանալու տեղի և ժամի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Խնդրում ենք հետևել տեղեկություններին և դրանցով կիսվել թեմայով հետաքրքրված համաքաղաքացիների և համագյուղացիների հետ»: