կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-15 12:16
Քաղաքական

Ոստիկանությունը Փաշինյանին ներկայացրել է ոչ թե որպես ՔՊ պատգամավորի թեկնածու, այլ վարչապետի ժպ. Ղազարյան

Ոստիկանությունը Փաշինյանին ներկայացրել է ոչ թե որպես ՔՊ պատգամավորի թեկնածու, այլ վարչապետի ժպ. Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն մի քանի արձանագրումներ է արել Սահմանադրական դատարանի՝ հուլիսի 14-ի նիստի վերաբերյալ:

Նա ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.

«• Դիմող կողմի բոլոր չորս ներկայացուցիչները հանդես եկան բավականին տպավորիչ և փաստարկված ամփոփիչ ելույթներով։ Դատավարությանը հետևող բազմաթիվ մասնակիցները չէին կարողանում զսպել իրենց անթաքույց հիացմունքը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի և «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի ելույթներից։ Դրանք արժեքավոր էին թե իրենց իրավական բովանդակության և խորը վերլուծական իմաստով, թե սթափեցնող խորհուրդ ունեին բախտորոշ այս ժամանակաշրջանի և դրանում Սահմանադրական դատարանի պատմական առաքելության վերաբերյալ։

• Դավիթ Հարությունյանի ելույթի որոշ հատվածներ ակնհայտորեն դուր չեկան դատավոր Վահե Գրիգորյանին, ով կտրուկ շարժումով, չոր հայացք ձգեց Արման Դիլանյանի ուղղությամբ։ Արման Դիլանյանի արձագանքը շատ տարօրինակ էր։ Արձագանքելով Դավիթ Հարությունյանի խոսքին նա օգտվում էր նախապես մշակված գրավոր տեքստից, ինչը բնականաբար չէր կարող գրվել տվյալ պահին։ Արման Դիլանյանի գրավոր տեքստից ընթերցող խոսքում ուրվագծվում էր ՍԴ սպասվելիք որոշումը և տպավորություն կար, որ կողմերին և հանրությանը նախապատրաստում էր դրան։

• Ոստիկանության ներկայացուցիչն իր ամփոփիչ խոսքում, անդրադառնալով դատավարության ընթացքում հնչեցված հարցերին, պաշտոնապես հաստատեց, որ նախընտրական քարոզչության շրջանում Ոստիկանության հաղորդագրություններում Նիկոլ Փաշինյանի վերաբերող նյութերում նա վկայակոչվել է ոչ թե որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու, այլ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ փաստացի հաստատելով վերջինիս կողմից ի պաշտոն հանդես գալու և վարչական ռեսուրսը զանգվածաբար օգտագործելու փաստը, ինչն ինքնին բավարար է ընտրությունների արդյունքները չեղարկելու համար։

• Դատարանն ավարտել է դատաքննությունը և գնացել խորհրդակցական սենյակ՝ վերջնական որոշում կայացնելու նպատակով, որը պետք է հրապարակվի մինչև 2021 թվականի հուլիսի 17-ը ներառյալ»։