Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակազմի անդամները հուլիսի 7-ին չհայտարարված այց են կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր` դիտարկելու այնտեղ պահվող անձանց իրավունքների պաշտպանության վիճակը:
Արցախի ՄԻՊ-ից հայտնում են, որ շրջայցի ընթացքում Պաշտպանը ծանոթացել է հաստատությունում պահվող անձանց պահման պայմաններին, նրանց բուժման ու խնամքին, իրավունքների պաշտպանության հետ կապված այլ խնդիրներին: Նա հատուկ ուշադրություն է դարձրել հոգեկան խանգարումներ ունեցող անձանց հանդեպ վերաբերմունքին, նրանց ընդունելու և պահելու ռեժիմներին ու ընթացակարգերին, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության իրավունքի և մի շարք այլ իրավունքների իրացման հարցերին:
Պաշտպանն ընդգծել է պետության կողմից հատուկ ուշադրության և հոգածության անհրաժեշտությունը հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը պատշաճ կերպով ապահովելու համար: Ծանոթանալով շենքային պայմաններին` Պաշտպանը մտահոգություն է հայտնել հաստատության անբարենպաստ վիճակի վերաբերյալ, որն էլ ավելի է վատթարացել 2020թ. աշնան պատերազմի հետևանքով շինության կրած վնասների պատճառով: Պաշտպանն արձանագրել է, որ Կառավարության կողմից պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացվի հոգեթմրաբանական դիսպանսերի շենքային պայմանների հիմնային բարելավում։
Շրջայցի արդյունքում Պաշտպանն արձանագրել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտը խորը և համապարփակ մասնագիտական ուսումնասիրության կարիք ունի, մանավանդ, որ տվյալ խմբի անձինք ամենախոցելի անձանց շարքին են պատկանում: Շրջայցի և տնօրինության հետ քննարկման արդյունքում վերհանված խնդիրների լուծման նպատակով, իր լիազորությունների շրջանակներում Պաշտպանը համապատասխան առաջարկներ է ներկայացնելու պետական լիազոր մարմիններին: