կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-15 12:11
Հասարակություն

Թշնամու զորքը հետ չի գնացել, սարերին նրանք են, դաշտում` հայ գյուղացին. Վերին Շորժայի ղեկավար

Թշնամու զորքը հետ չի գնացել, սարերին նրանք են, դաշտում` հայ գյուղացին. Վերին Շորժայի ղեկավար

Ադրբեջանցիները հետ չեն գնացել, նույն դիրքերում կանգնած են, իրավիճակը ոնց կար, նույնն է մնում, ոչ մի փոփոխություն, ինչ կար` նույն ձեւ մնում է. նրանք սարերում են, գյուղացիները` ներքեւի դաշտերում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը:

Նշենք, որ թշնամու զորքն արդեն մի քանի օր է, առանց դիմադրության, ներխուժել է Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր: Երանոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական զորքը, Վարդենիսի ուղղությամբ, մոտավոր հաշվարկներով 300-400 մետր առաջ է եկել: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ որեւէ փոփոխություն չկա, թշնամին նույն տեղում կանգնած է: Հայաստանի սարերում թշնամու զորքն է նստած, ներքեւում գյուղացին է՝ բաց դաշտում գարնան աշխատանք է անում:

«Հենց հիմա գյուղացիները դաշտում գործ են անում, վտանգի մասին չեն մտածում»,- ասաց Երանոսյանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի այցից հետաքրքրվեցինք, ի՞նչ է ասում, ի՞նչ աշխատանքներ են տարվում: «Ես չգիտեմ, իրեն հարցրեք՝ ինչ է ասում, ես չգիտեմ»,- պատասխանեց Վերին Շորժայի ղեկավարը:

Ի դեպ, երեկվանից փորձում ենք կապ հաստատել մարզպետի հետ, նա չի պատասխանում մեր զանգերին:

Հարցին՝ այն սարերում, որտեղ այս պահին ադրբեջանական զորքն է,  մեր բանակից դիրքապահներ կա՞ն, պաշտպանություն կա՞, Երանոսյանը պատասխանեց. «Անպայման, բա ո՞նց չկան, տղերքն իրենց տեղում են, դրա համար էլ հանգիստ աշխատանքներ ենք կատարում»:

Հարցին` այդ դեպքում ինչպե՞ս են ադրբեջանցիներն առանց մեկ կրակոցի 300-400 մետր առաջ եկել, եթե դիրքերում զինվորներ կան, Երանոսյանը զայրացած արձագանքեց. «Դե հիմա, էնքան հարցեր եք տալիս, ես իրենց տեղը ո՞նց կարող եմ պատասխանել: Հիմա մեկ ուրիշը Ձեզ էդ հարցը տա, ո՞նց կպատասխանեք, կարա՞ք պատասխանեք»:

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են ասում պաշտպանության նախարարությունից, ասաց. «Ես չգիտեմ՝ ինչ են ասում»:

Հիշեցնենք, որ թշնամու զորքն արդեն երկու օր է՝ ներխուժել է Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ։

Ավելի վաղ Yerkir.am հայտնել էր, որ հակառակորդի զորքը Վարդենիսի շրջանում սարի գլխի դիրքերից 3 կմ իջել է ներքեւ, խրամատներ է փորում։ Դիրքապահ զինվորները հայտնել էին, որ թշնամին մեծաթիվ զորք է կուտակել նաեւ Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում։

Լիանա Սարգսյան

Տես նաև՝  ՊՆ-ն եւ ԳՇ-ն արդեն հապաղել են․ գեներալ-մայորը՝ Գեղարքունիքում սահմանային իրավիճակի մասին