կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-29 13:39
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ ռազմագերիների հարցը փակված է` մինչեւ Հայաստանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Ն․ Զոհրաբյան

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան Ստրասբուրգում ինձ շատ հստակ ասաց՝ հայ ռազմագերիների վերադարձի հարցը կքննարկվի այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախով․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա հայտնեց, որ աշխատանքային այցով Ստրասբուրգում է եղել, եւ հանդիպման հիմնական օրակարգը հայ ռազմագերիների հարցն է եղել։ «Ես եւ ադրբեջանական պատվիրակությունը նույն քաղաքական խմբում էինք։ Նիստից հետո նրա հետ առանձնազրույց ունեցա։ Իմ բոլոր արգումենտացիաներին, որ նրանք ռազմագերիներ են, որ դուք խախտում եք միջազգային իրավունքը, Ժնեւի երրորդ կոնվենցիան, որ դուք թքած ունեք նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնության 8-րդ կետի վրա, նա անհեթեթ պատասխաններ էր տալիս, որ Ադրբեջանում որեւէ ռազմագերի չկա, ովքեր այս պահին Բաքվում են՝ տեռորիստներ են, ահաբեկիչներ են»,- մանրամասներ ներկայացրեց Զոհրաբյանը։

Ադրբեջանցի պաշտոնյան դժգոհել է՝ նշելով, թե իբր հայկական կողմն իրենց խաբել է՝ Ակնայի եւ Աղդամի ականապատ տարածքների քարտեզների 50 տոկոսը կեղծ է։ «Նա շատ կեղտոտ նախապայման դրեց՝ տրամադրել ամբողջական քարտեզները։ Ասում էր՝ կարող եք Հայաստանի ձեր իշխանություններին փոխանցել, որ պատրաստ ենք քննարկել ռամագերիների վերադարձի հարցը, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության համաձայնագիր՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ լինելու է ներառյալ Արցախի 75 տոկոսը։ Այս քայլերից հետո նրանք պատրաստ են, որպես բարի կամքի դրսեւորում, քննարկել մեր տղաների վերադարձը։ Իսկ մինչ այդ, քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք ռազմագերիների մասին պիտի մոռանանք։ Սա է եղել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի՝ ինձ փոխանցածը»։

Չնայած այս ամենին՝ Զոհրաբյանը շեշտում է՝ հայկական կողմը զենքերը վայր չպիտի դնի։ «Ես եվրոպական կառույցներում ասել եմ՝ Ադրբեջանը չի հասկանում հորդորի լեզուն, կոնկրետ սանկցիա պետք է կիրառել Ադրբեջանի հանդեպ»,- ընդգծեց պատգամավորը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։