կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-28 11:02
Տարածաշրջան

Հասանովը նշել է, որ պատերազմին ադրբեջանական բանակը պատրաստել է Թուրքիայի ԶՈՒ–ն

Հասանովը նշել է, որ պատերազմին ադրբեջանական բանակը պատրաստել է Թուրքիայի ԶՈՒ–ն

Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, և հունիսի 15-ին Շուշիի հռչակագրի ստորագրման շնորհիվ կապահովվի երկու երկրների բանակների ինտեգրման բարձրագույն մակարդակը: Այս մասին ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը՝ մեկնաբանելով Արցախի դեմ սանձազերծված պատերազմում ադրբեջանական բանակի հաջողությունները:

Հասանովը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրահանգ է տվել վերակազմակերպել ադրբեջանական բանակը՝ Թուրքիայի զինված ուժերի օրինակին համապատասխան: Նրա խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքները սկսվել են:

Նա նաև խոսել է ղարաբաղյան պատերազմի ընթացքում Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերած աջակցության մասին:

«Պատերազմը փորձություն է բանակի համար: Մենք անցել ենք այս թեստը: Թուրքիայի զինված ուժերը պատրաստել են մեզ այս փորձությանը: Մեր սպաները վերապատրաստվում են Թուրքիայում, զորքերը մասնակցում են զորավարժություններին այդ երկրում: Թուրք սպաները նախապատրաստում են մեր զորքերը՝ մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար: Թուրքական բանակը աշխարհի ուժեղագույն բանակներից է: Սա մեզ համար շանս է: Մեզ կապում են ընդհանուր լեզուն, կրոնը, արմատները: Թուրքական բանակը ՆԱՏՕ-ի ամենաուժեղ բանակներից մէ: Նա հաջող գործողություններ է անցկացրել տարբեր երկրներում, մասնավորապես՝ Սիրիայում: Մենք կիրառում ենք թուրքական բանակի այս փորձը: Թուրքական զինված ուժերը մեզ անփոխարինելի աջակցություն են ցուցաբերել պատերազմին նախապատրաստվելիս», - ասել է Հասանովը:

Հասանովը նաև հայտնել է, որ այս տարվա սեպտեմբերին տեղի կունենան համատեղ զորավարժություններ՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների մասնակցությամբ: