|
Փոխարժեքներ
04 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը. Համաձայն նոր օրենքի` տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, սակայն մանկավարժի որակավորում չունեցող անձինք այսուհետ կարող են աշխատել որպես ուսուցիչ: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից:
«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում կատարվել է լրացում, ըստ որի` առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու դեպքում տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև համապատասխան առարկայի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն (բակալավր, մագիստրոս, դիպլոմավորված մասնագետ) և մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը։
Մանկավարժության կրեդիտը, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի վերոնշյալ հոդվածի 5-րդ մասի, տրվում է կրթության կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպության, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած կրթական ծրագրին մասնակցելու դեպքում:
Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակման օրվանից: Օրենսդրական փոփոխության հեղինակն Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն է: