Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 2-ին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ԱՀ ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ Դավիթ Իշխանյանը, Արթուր Մոսիյանը և Վահրամ Բալայանը հանդիպել են Արցախի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ:
Ողջունելով հրավիրյալներին՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը նշել է, որ հանդիպումն իրականացվում է «Արցախ. ներկան և ապագան» ծրագրի շրջանակներում: Արմեն Սարգսյանը Դավիթ Իշխանյանին է հանձնել ԱրՊՀ 50-ամյակին նվիրված հուշամեդալ և «Արցախի ժողովրդագիտությունը» աշխատության հատորները:
Դավիթ Իշխանյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման նախաձեռնության համար, ներկայացրել է ներքին ու արտաքին հիմնախնդիրների լուծման ՀՅԴ տեսլականը: «Մեր համազգային օրակարգում հարցերի հարցը Արցախյան հիմնահարցն է, Արցախի ապագան: Ցավոք սրտի, մենք դեռևս չունենք մի շարք հարցի պատասխաններ: Գնահատական չի տրվել պատերազմի պատճառներին, հետևանքներին, ընդհանուր վիճակին և պարզ չեն մեր անելիքները»,- իր ելույթում նշել է Դավիթ Իշխանյանը:
Նա կարևորել է անվտանգային համակարգի հստակեցումը, խոսել ՀՅԴ ծավալած քաղաքական-դիվանագիտական, տեղեկատվական-քարոզչական աշխատանքների մասին:
Անդրադառնալով Արցախի ներքաղաքական գործընթացներին, նոյեմբերի 10-ի ԱՀ ԱԺ չորս խմբակցությունների համատեղ հայտարարությանը, մայիսի 20-ի ԱՀ ԱԺ երեք խմբակցությունների հայտարարությանը, Դավիթ Իշխանյանը նշել է, որ դրանք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տվել:
«Մենք չենք հրաժարվում ԱՀ նախագահի հրաժարականի պահանջից, բայց նաև գիտակցում ենք, թե ինչպիսի քայլերով դա պետք է տեղի ունենա: Քաղաքական մի շարք հանդիպումների բովանդակության մասին նաև Արայիկ Հարությունյանի շուրթերով ոչ ամբողջական ճշմարտությունն է ներկայացվել: Մասնավորապես, ընդդիմադիր քաղաքական ուժերին, այդ թվում մեզ՝ փորձել են մեղադրել պաշտոններ զբաղեցնելու ձգտումների մեջ: Այստեղ ևս մեկ անգամ ուզում եմ հրապարակայնորեն ներկայացնել, որ Դաշնակցությունը երբեք չի առաջնորդվել ու չի առաջնորդվում պաշտոն զբաղեցնելու միտումներով: Մեզ համար երկրի և մեր ժողովրդի շահերն ավելի են կարևորվում»,- ասել է Դավիթ Իշխանյանը:
Պատասխանելով անվտանգության ապահովման, Սահմանադրական փոփոխությունների մասին հարցին, ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նշել է, որ բոլոր խնդիրների լուծումը ազգային ուժերի իշխանության գալն է.
«Պարտված իշխանությունը պետք է հեռանա: Յուրաքանչյուր քաղաքացի էլ իր մեղավորության չափաբաժինն ունի, բայց հիմնական պատասխանատուն և մեղավորները պարտված իշխանություններն են՝ Արայիկ Հարությունյանի, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Մարդիկ կրում են բարոյական և քաղաքական պատասխանատվություն, իրավական պատասխանատվության հարցը կորոշվի: Համոզված եմ, որ հայկական Նյուրնբերգ լինելու է»,- նշել է Ա. Մոսիյանը՝ ավելացնելով, որ դեռևս պարզ չէ, թե ինչքանով է Արցախի իշխանությունը մասնակից ՀՀ իշխանությունների դավադիր ծրագրին:
Արթուր Մոսիյանը կարևորել է ԱրՊՀ-ի ուսանողների, դասախոսների դերակատարությունը հայրենիքի փրկության գործում:
ՀՅԴ ներկայացուցիչները ներկաների խնդրանքով անդրադարձել են նաև ԱՀ նախագահի հրաժարականի պահանջի մանրամասների, հետագա անելիքների և բնակչության ֆիզիկական ապահովության մասին հարցերին: