կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-04 12:17
Հասարակություն

Ընդլայնվում են ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի պարտականություններ․ ՊԵԿ

Ընդլայնվում են ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի պարտականություններ․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ որոշվել է ընդլայնել ազգային օպերատոր համարվող «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ին վերապահված պարտականությունները, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ընկերությունը կոշիկից բացի կազմակերպելու է նաև մի խումբ այլ ապրանքների մակնշման գործընթացը, մասնավորապես` կաթնամթերք, թեթև արդյունաբերության ապրանքներ, օծանելիք, հարդաջուր, ֆոտոխցիկներ (բացի կինոխցիկներից), օդաճնշման ռետինե նոր ծածկադողեր և անվադողեր:

«Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն միջգերատեսչական հանձնաժողովի հաստատմանն է ներկայացրել աշխատանքների կատարման ժամանակացույցը (ընկերության հասցեն է` ք. Երևան, Ազատության 24/1, հեռ.՝ +374 10 300 300, էլ. հասցե՝ [email protected]):

Նախքան մակնշման ազգային օպերատորի մշակած համակարգերը պատրաստ կլինեն տրամադրել դրոշմապիտակներ, հայաստանյան տնտեսվարողները Ռուսաստանի Դաշնության տարածք նշված ապրանքները տեղափոխելիս կարող են մակնշման տեղեկատվությունը փոխանակել ՌԴ ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների: Որպես ՌԴ ռեզիդենտ վստահված անձ կարող է հանդես գալ նաև արտասահմանյան ընկերության հավատարմագրված մասնաճյուղը:

Այսպիսով` մինչև ազգային օպերատորի կողմից համակարգերի ներդրումը, Ռուսաստանի ներմուծող կազմակերպությունը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր և տրամադրել հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև Ռուսաստանի Դաշնություն ներմուծելը:

Նշենք, որ ՌԴ-ում դրոշմավորման ազգային օպերատորը «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» (Центр развития перспективных технологий) ընկերությունն է: Ապրանքների մակնշման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ честныйзнак.рф կայքում: