կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-22 12:30
Արցախ

Իշխանությունը բանակի ոչնչացման ծրագիրը սկսեց 2018-ին՝ գործեր կարելով զինվորականների վրա․ ազատամարտիկ

Ամեն րոպե, ամեն վայրկյան կա պատերազմի վտանգ․ այն փաստաթուղթը, որ նախօրեին ստորագրել է Փաշինյանը, Հայաստանի շահերից չի բխում։ Վտանգի տակ է ազգային անվտանգությունը թե՛ Սյունիքում, թե՛ Վարդենիսում եւ, ընդհանրապես, ամբողջ Հայաստանում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ազատամարդիկ, ՀՅԴ «Կամավորական շարժում» կազմակերպության անդամ, Արցախյան երեք պատերազմների մասնակից Լեւոն Գեւորգյանը։

Ազատամարտիկի խոսքով՝ թշնամու զինծառայողների՝ հայ զինվորների նկատմամբ բռնության դեպքերը շատ նվաստացուցիչ են, բանակը երբեք այսքան նվաստացած վիճակում չի եղել, ունեցել ենք հաղթած եւ հաղթող բանակ` դեռ Արցախի առաջին պատերազմից սկսած։  Լեւոն Գեւորգյանը նշում է՝ բանակի միտումնավոր թուլացումը սկսվել է 2018 թվականին՝ Փաշինյանի իշխանության ձեռքով, երբ, գործեր կարկատելով, ձերբակալեցին բարձրաստիճան զինվորականների։

«Բանակը հիմա էլ կա, բայց վերակառուցման կարիք ունի․ զինվորն ու զինվորականը պետք է նախկին ինքնավստահությունը վերականգնեն,  բայց այս իշխանության պարագայում հնարավոր չէ` լուրջ քայլեր լինեն։ Ընդամենը թշնամու 200 հոգանոց ջոկատ է մտնում Հայաստանի տարածք, միանգամից, առանց որեւէ քայլ ձեռնարկելու,  դիմում են ՀԱՊԿ-ին։ Ու դիմում են այնպիսի նամակով, որ այդ կառույցը, բացի «ուշադիր հետեւելուց», ուրիշ ոչինչ չի կարող անել»,- Yerkir.am-ին ասաց ազատամարտիկը։

Արցախի վերջին պատերազմում մեր պարտության պատճառը, Լեւոն Գեւորգյանի խոսքով, իշխանության արած փոփոխություններն էին։ Փաշինյանը պատերազմից մի քանի ամիս առաջ զորամասերում ու զորամիավորումներում սկսեց փոփոխություններ կատարել՝ տասնամյակներ ծառայած հրամանատարներին հեռացնել ծառայությունից, բերել անփորձ, տեղանքին անծանոթ մարդկանց։

«Դավաճանական քայլերի պատճառով եղավ այս ամենը։ Մեր պարտությունը սրա հետեւանքով էր։ Ժամանակը ցույց կտա՝ ինչ է կատարվել, ում մեղքով, ում հրահանգով, ովքեր են մասնակիցները եղել տարբեր հատվածներում։ Ինչո՞ւ մեր զորքը հյուսիսարեւելյան հատվածում կարողացավ թշնամու զորքի դեմն առնել, իսկ Ջրականի հատվածում կամ Հադրութում չկարողացավ։ Որովհետեւ այստեղ դավաճանական քայլեր են եղել՝ Հադրութից հետո՝ մինչեւ Շուշի, որը դավաճանաբար հանձնեցին։ 150 հոգով՝ երկու վաշտով կարելի էր Շուշին պահել»։

Ազատամարտիկը նշում է, որ մեր երկրում հնչում էին խաղաղասիրական կոչեր, փամփուշտներից զարդեր սարքելու մասին ցնդաբանություններ, իսկ թշնամին պատրաստվում էր պատերազմի եւ զինվում։ Լեւոն Գեւորգյանը, որը երեք պատերազմի է մասնակցել, հիշում է Արցախի առաջին պատերազմը, երբ թշնամին նյութապես եւ զորքի քանակով մի քանի անգամ գերազանցում էր մեզ, բայց Հայկական բանակը կարողացավ ջախջախել թշնամուն եւ հետ բերել Արցախի հողը։ Իսկ այսօր Հայաստանի օրվա իշխանությունը միլիոններ է տալիս, առնում անպետք զենք ու մետաղե ջարդոն։ Լեւոն Գեւորգյանի խոսքով՝ ներկա իշխանությունը, որ այդքան ուզում է թշնամու հետ բարեկամություն անել, երկիրը տանելու է վերջնական կործանման։

«Երբ որ Ադրբեջանի մանկապարտեզներում սովորեցնում են թշնամություն հայերի հանդեպ, մենք ինչպե՞ս կարող ենք նրան համարել բարեկամ։ Փաշինյանը մեր թիկունքում գործարքներ է անում, տալիս Հայաստանը»,- նշեց ազատամարտիկը։

Մանրամասն՝ տեսանյութում