կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-20 12:29
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները համատարած հրավիրվում են քննչական մարմիններ․ Արմեն Գևորգյան

Համատարած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հրավիրվում են քննչական մարմիններ, Ոստիկանություն, ինչ-որ անհասկանալի բացատրական աշխատանքների, ինչ-որ անհասկանալի նյութերի նախապատրաստման, ինչ-որ տարիներ շարունակ քննվող քրեական գործերով պարզաբանումներ տալու և այլն՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գևորգյանը ՀՔԾ շենքի դիմաց։

Արմեն Գևորգյանը Հատուկ քննչական ծառայություն ներկայանալու ծանուցագիրը 2 օր առաջ է ստացել և այսօր ներկայացել է։ Նա լրագրողներին պատմեց՝ ինչ քրեական գործով են իրեն կանչել։

«Դեռևս անցած տարի ապրիլի 16-ին Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ էր հարուցել ինչ-ինչ փաստերի կապակցությամբ, որտեղ ինչ-որ հանգամանքներ են նկարագրվում, վերջում ասվում է, որ Արմեն Գևորգյանը այդ ամեն ինչի հետ առնչություն ունի․ մասնավորապես, որ իմ հարազատների, բարեկամների մի շարք գույքեր փաստացի պատկանում են ինձ և ես այդ փողերը «լվացել» եմ»,-ասաց նա։

Այն ժամանակ, սակայն, մեղադրանք չի առաջադրվել, որովհետև, ըստ Գևորգյանի, այն ժամանակ նաև քննությունն է հասկացել, որ դա աբսուրդի ժանրից է։ Բայց իրենք հաջորդ քայլն են արել և այդ գույքերի վրա կալանք են դրել։

«Մենք փորձել ենք մեր իրավունքները պաշտպանել և դիմել ենք դատական ատյաններին։ Բոլոր դատական ատյաններում այս պահի դրությամբ քննիչի որոշումը ճանաչվել է ապօրինի և բեկանվել է։ Հիմա մարդ պիտի էլեմենտար «քթի ծակ» ունենա, որ հասկանա՝ քաղաքական ինչ պայմաններում ինչ որոշումներ կայացնի։ Պատկերացնո՞ւմ եք, սահմաններին տիրող իրավիճակի պարագայում, երկրի առջև այս մարտահրավերների պայմաներում իրենք որոշել են, որ ինձ մեղադրանք առաջադրեն, որպեսզի այդ գույքերի վրա կալանք դրվելը հիմնավորված լինի՝ ենթադրում եմ։ Եվ երկրորդը, հավանաբար, ինչ-որ խափանման միջոց ընտրեն, որ խափանեն իմ գործունեությունը որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ»,-ասաց Արմեն Գևորգյանը։

Նա նշեց, որ հրաժարվել է որևէ գործ ունենալ ՀՔԾ հետ, քանի որ կյանքը ցույց է տվել, որ այս կառույցը միայն քաղաքական պատվերներ է կատարում, ուստի, իրենց հետ նստել, ինչ-որ թղթեր ձևակերպել և այլն, ժամանակի կորուստ է։

«Ինձ համար հասկանալի չէ ինձ վերագրվող գործը, որովհետև ես չեմ կարդացել, դա մակուլատուրա է, ՀՔԾ-ն որպես պետական մարմին այլևս չեմ ընդունում»,-ասաց Արմեն Գևորգյանը։

Նա հստակեցրեց, որ ՀՔԾ-ն իր հանդեպ որևէ խափանման միջոց ընտրելու անհրաժեշտություն չունի, քանի որ ինքն արդեն խափանման միջոց ունի դատարանում քննվող մեկ այլ գործով․ ինքը ստրագրությամբ պարտավորվել է չհեռանալ երկրից։

«Իրենց սարքած խաղի մեջ ես ցանկություն չունեմ մտնելու։ Այսօր ակնհայտ է, որ մեր իշխանությունները ամեն ինչ անում են, որ մարդկանց մոտ ցանկությունը և վճռականությունը կոտրվի իրենց դեմ պայքարելու, բայց նմանատիպ օյինբազություններից դա միայն ամրապնդվում է»,-ասաց նա։

Արմեն Գևորգյանը վստահեցրեց, որ «Հայաստան» դաշինքը շատ կազմակերպված է, աշխատանքները դրված են շատ ճիշտ ռելսերի վրա, ուստի այսպիսի գործընթացներով հնարավոր չէ խաթարել։