կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-19 17:32
Քաղաքական

Մտահոգված ենք, մեր հայրենիքը վտանգված է․ Գանձասարի վանահայր

Մտահոգված ենք, մեր հայրենիքը վտանգված է․ Գանձասարի վանահայր
Մտահոգված ենք, մեր հայրենիքը վտանգված է, հայ ժողովրդի անվտանգության խնդիր կա, սրա մասին պետք է բարձրաձայնել․ Yerkir.am-ի հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց Արցախի թեմի փոխառաջնորդ, Գանձասարի վանքի վանահայր Սահակ վարդապետ Շաքարյանը։
 
«Սահմաններ են որոշում, ինչ-որ հարցեր են քննարկում, ես դրա մասնագետը չեմ, բայց ուզում եմ, որ խաղաղություն պահպանվի, աղոթում ենք, որ խաղաղություն լինի։ Իհարկե, չենք վախենում պատերազմներից եւ պայքարից, բայց արդեն հոգնել ենք։ Անվտանգության հարցեր կան, որոնք լուծված չեն։ Միշտ էլ վտանգը կա»,- նշեց վանահայրը։
 
Սահակ վարդապետ Շաքարյանը նշեց, որ ադրբեջանցիների առաջխաղացման մասին լսել է, կոնկրետ Գանձասարի հատվածում այս պահին իրավիճակը նորմալ է, խաղաղ։
 
«Առանձնապես բան չկա, ադրբեջանցիներն իրենց տեղում են։ Հավատացյալները գալիս են, աղոթք անում, քարոզ լսում, ես իմ ծառայություն մեջ եմ։ Լսել եմ, որ առաջխաղացում կա, հստակ բան չեմ կարող ասել։ Կիրակի օրը ուխտավորներ պիտի գան Գանձասար՝ պատարագի մասնակցելու․ Հոգեգալստյան տոնն է»,- հավելեց Գանձասարի վանահայրը։
 
Հիշեցնենք, որ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրեց կապիտուլյացիոն հայտարարություն՝ Ադրբեջանին տալով Արցախի 75 տոկոսը։ Այսօր վտանգված է արդեն Հայաստանի Հանրապետությունը․ ադրբեջանական զորքը մի քանի  օր է՝  ներխուժել է Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզեր՝ Հայաստանի սուվերեն տարածքներ։  

Լիանա Սարգսյան