կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-04 14:17
Տնտեսական

Հայաստանի պետական պարտքն այս պահին մեր ամենաէական խնդիրն է․ Աշոտ Պետրոսյան

Հայաստանի պետական պարտքն այս պահին մեր ամենաէական խնդիրն է․ Աշոտ Պետրոսյան

Համավարակի և պատերազմի հետևանքով Հայաստանի՝ առանց այն էլ դրական ընթացք չունեցող  տնտեսության վիճակն ավելի վատացավ. պետական պարտքն ավելացավ, նկատելի գնաճ եղավ: Ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման հնարավոր ճանապարհների մասին Yerkir.am-ը զրուցել է տնտեսագետ, «5165» շարժման անդամ Աշոտ Պետրոսյանի հետ: 

- Պարոն Պետրոսյան, Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակն ինչպե՞ս կգնահատեք, որո՞նք ենք հիմա առաջնային խնդիրները

-Հիմա մեր տնտեսությունը գտնվում է բավական  բարդ վիճակում: Հաշվի առնենք նաև, որ 2020-ին Հայաստանում արձանագրվել է 7,6 տոկոս տնտեսական անկում, իսկ այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում գրանցվել է ևս 2 տոկոս տնտեսական անկում: Հայաստանի պետական պարտքն այս պահին մեր ամենաէական խնդիրն է, քանի որ այն հատել է համախառն ներքին արդյունքի 60 տոկոսի շեմը՝  մոտ 63 տոկոս է կազմում: Ինչպես նաև ունենք բնակչության իրական եկամուտների որոշակի նվազում՝ այս տարվա առաջին եռամյսակին աշխատավարձն աճել է ընդամենը 2%-ով այն դեպքում, երբ ունենք մոտ 5,2% գնաճ: 

-Տնտեսական աճի տարբեր գնահատումներ ենք տեսնում, օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է մոտ 1% տնտեսական աճ 2021 թվականի համար,  ՀՀ կառավարությունից ընդհուպ երկնիշ տնտեսական աճի կանխատեսում է արվում: Ձեր կարծիքով այս պահին արդյոք կա՞ն երկրում տնտեսական աճ ապահովելու նախադրյալներ: 

-2020 թվականն իրականում տնտեսական առումով շատ բարդ տարի էր մեզ համար, և ինչպես արդեն նշեցի տարին ամփոփել ենք 7, 6  % տնտեսական անկումով, ուստի այդ վատ տարվա հետ համադրության արդյունքում՝ մենք կարող ենք ապահովել տնտեսական աճ այս տարի, բայց, կարծում եմ, որ շատ ավելի կարևոր է հասկանալ, թե կան արդյոք երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու պայմաններ, ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ պետք է իրականացվի մեր երկրում, որպեսզի ապահովենք կայուն տնտեսական աճ: Մեր տնտեսության զարգացման հիմնական խնդիրներից մեկը եղել է այն, որ տնտեսական քաղաքականությունը հիմնականում վարվել է կենտրոնական իշխանությունների կողմից, և տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները կտրված են եղել տնտեսական զարգացմանը նպաստելու գործողություններից:   Հայաստանում կա 500-ից ավել համայնք, որոնք ոչ մի ձև որևէ ներդրում չեն ունենում ՀՀ տնտեսության աճի և զարգացման վրա:  Օրինակ՝ համայնքապետերը զբաղված չեն իրենց համայնքում ներդրումներ գեներացնելու գործընթացով, քանզի ներկայիս հարկային  համակարգը համայնքային բյուջեներին նոր ներդրումներից որևէ մասհանում չի նախատեսում, որևէ շարժառիթ ստեղծված չէ: Ավելին՝ հաճախ նոր ներդրումները միայն գլխացավանք են համայնքի ղեկավարների համար: Այս հարցի լուծման մեր առաջարկվող մոտեցումն  այն է, որ կատարվող ներդրումներից  գեներացվող եկամտային հարկից և շահութահարկից որոշակի հատկացումներ արվեն համայնքային բյուջեներին, որպեսզի համայնքների ղեկավարները շահագրգռված լինեն ներդրումների ներգրավմամբ և նրանք կարողանան ավելի ակտիվ գործունեություն ծավալել ներդրողների հետ կատարվող աշխատանքներում:  Բացի այդ, ներդրումների գործընթացում հարկավոր է ներգրավվել  պետական բոլոր հնարավոր գերատեսչությունները, այս հարցը մի կամ մի քանի հոգու խնդիրը չպետք է լինի: Այսօր ներդրումներով հիմնականում զբաղվում է միայն էկոնոմիկայի նախարարությունը: 

-Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ ներդրումներով պետք է զբաղվեն բոլոր գերատեսչությունները։ 

-Այսօր, ցավոք, մեր կառավարման համակարգում ներդրված չէ  արդյունավետության առանցքային ցուցանիշների (KPI) համակարգը, այսինքն ոլորտային գերատեսչությունների կատարողականի գնահատման հստակ մեխանիզմները բացակայում են: Մենք կարծում ենք, որ նման համակարգի ներդրման պարագայում հենց ոլորտային ներդրումների գեներացումը պետք է դառնա աշխատանքի կատարողականի գնահատման առանցքային ցուցանիշներից մեկը: Օրինակ՝ կրթության ոլորտային գերատեսչությունը ևս պետք է օր ու գիշեր լծված լինի իր ոլորտում ներդրումներ ներգրավելով՝ իմանալով, որ դրանից կախված կլինի նաև իր աշխատանքի կատարողականը: 

-«5165» շարժման համագումարի ժամանակ Դուք խոսում էիք  երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու հնարավորությունների մասին, բերեցիք  օրինակներ, որոնցից մեկը GSP+ հնարավորությունն է: Կմանրամասնեք ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ հնարավորություններ է այդ համակարգը տալիս: 

- Եվրամիության կողմից ընդունված համակարգ է, որը հնարավորություն է տալիս մոտ 6000-ից ավել անուն ապրանքատեսակ արտահանել ԵՄ երկրներ առանց որևէ մաքսատուրքի կամ էական նվազեցված մաքսատուրքով: Սա , բնականաբար, շատ մեծ հնարավորություն է մեր տնտեսության համար: Հայաստանը հիմա մասնակի օգտվում է այդ հնարավորություններից, որպես օրինակ կարող եմ բերել «Ռուսալ» ընկերության փորձը, որը որոշեց Հայաստանում բացել արտադրություն: Նրանք Ռուսաստանից  հումքը բերում են, այստեղ վերամշակում իրականացնոում, որից հետո արտահանում են ԵՄ երկրներ: Անգամ հումքի տեղափոխման հետ կապված էական ծախսերի առկայությամբ ավելի նպատակահարմար էր հենց Հայաստանից կազմակերպել արտահանում: Սա կարելի է դիտարկել որպես GSP+ համակարգի միջոցով իրականացվող հաջողված ներդրումային ծրագիր և փաստել, որ նմանատիպ հնարավորություններն իրականում շատ են, հարկավոր է ինտենսիվ աշխատել, որպեսզի այլ արտադրություններ ևս ձևավորվեն Հայաստանում, որոնք կկարողանան հենց GSP+ի միջոցով իրենց արտադրանքն արտահանել: Կարող եմ ասել, որ նմանատիպ աշխատանքներ տարվում են, բայց այն կարող էր ավելի արդյունավետ լինել, եթե պետական կառավարման համակարգը կամ համապատասխան գերատեսչությունները լծված լինեն այս աշխատանքներին՝ մանրամասն տեղյակ լինելով համակարգի առավելությունների մասին:

- Դուք արդեն  շեշտեցիք, որ ՀՀ պետական պարտքը հատել է 60%-ի մակարդակը: Ո՞րն է պարտքի այսչափ ավելացման պատճառը և հնարավոր է արդյոք հետագայում նվազեցնել կամ գոնե կանգնեցնել պարտքի հետագա ավելացումը: 

-Պարտքի աստիճանական կամ կտրուկ ավելացումը տնտեսությունում առկա կառուցվածքային հիմնախնդիրներով է պայմանավորված: Քանի դեռ մեզ չի հաջողվի ապահովել ՀՀ-ից արտահանման բավարար մակարդակ, ներմուծման փոխարինելիություն, մենք ցավոք ունենալու ենք պարտքի հետագա ավելացում: Կարող ենք փաստել, որ միակ ելքը տնտեսության լուրջ կառուցվածքային բարեփոխումներն են: 

-2020 թվականի պատերազմի հետևանքով Հայաստանը ունեցավ նաև ռեսուրսային կորուստներ՝ ՀԷԿ-եր, հացահատիկի դաշտեր, արոտավայրեր: Այս հանգամանքն ինչպես կազդի երկրի ֆինանսական շուկայի վրա, ինչ ճանապարհով պետք է իրակացնենք վերականգնում:

-Այս առումով իրավիճակը բավական խնդրահարույց է, և ստեղծված իրավիճակից առավելապես կայուն և առանց ցնցումների դուրս գալու համար կառավարությունը պետք է աջակցություն ցուցաբերի, իրականացնի մասնակի կամ ամբողջական փոխհատուցում տուժածներին, հավանաբար նաև ֆինանսական կառույցներին: 

-Վերջում խնդրում եմ ասել, թե ո՞րն է  երկարաժամկետ տնտեսական աճի հիմնական գրավականը։

-Այս մասով ամեկարևոր ոլորտը կրթությունն է, և հենց կրթության մեջ է պետք փնտրել վաղվա հզոր տնտեսություն կառուցելու հնարավորությունը: Այս պահին առավելապես խոսում եմ բուհական կրթության մասին: Ցավոք պետք է փաստեմ, որ այսօր բուհական կրթությունը կտրված է իրական տնտեսությունից: Կրթությունն այսօր տնտեսության պահանջներին համապատասխան կադրեր չի պատրաստում: Երկրում կա առանցքային ոլորտների որակյալ կադրերի մեծ պահանջարկ: Կարծես որպես թիրախային ոլորտ ենք ընտրել օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտը, սակայն այսօր արդեն ունենք որակյալ ծրագրավորողների կարիք, գյուղատնտեսության ոլորտում չկան որակյալ ագրոնոմներ, անասնաբույժեր: Առանց կրթության և գիտության հնարավոր չէ հզոր տնտեսության կառուցում: