Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը ապրիլի 9-ին հայտնել էր, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործողությունների շնորհիվ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը նախաձեռնել էր երկկուսակցական ստորագրահավաք՝ ԱՄՆ նախագահ Բայդենին կոչ անելով ապրիլի 24-ի ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ստորագրահավաքը նախաձեռնել են հայտնի կոնգրեսականներ և մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ջեքի Սփեյերը։
Սույնով հայտնում ենք, որ երկկուսակցական նամակին է միացել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 107 կոնգրեսական։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատում է. «Մենք շնորհակալ ենք կոնգրեսական Շիֆին, Հայկական խմբի ղեկավար կազմի իր գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ստորագրել են այս երկկուսակցական նամակը, որով նախագահ Բայդենին կոչ են անում վերջ տալ Ամերիկայում թուրքական ժխտողականությանը։ Միանալով ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների Պալատին` դատապարտելով ու ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը, Սպիտակ տունը կարող է այս շաբաթ ավարտել Անկարայի ժխտողականությանը ամերիկյան մեղսակցության ամոթալի դարաշրջանը»:
Ստորև ներկայացնում ենք նախագահ Բայդենին ուղղված երկկուսակցական նամակի հայերեն թարգմանությունը։
«Մեծարգո նախագահ Բայդեն
Այս ամսվա վերջին՝ ապրիլի 24-ին, աշխարհը կհիշատակի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի համակարգված սպանությունը և միլիոնավորների տեղահանությունը 1915-1923 թթ.: Արդեն տասնամյակներ աշխարհի առաջնորդները ճանաչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, սակայն Միացյալ Նահանգների նախագահը լռություն է պահպանում: Մենք միանում ենք Ամերիկայի հպարտ հայ համայնքին և բոլոր նրանց, ովքեր սատարում են ճշմարտությանն ու արդարությանը՝ խնդրելով Ձեզ ապրիլի 24-ի հայտարարության մեջ հստակ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Մենք գիտենք, որ սա մի հարց է, որին դուք քաջածանոթ եք Սենատում գտնվելու և իբրև փոխնախագահ պաշտոնավարելու ժամանակահատվածից, ներառյալ 212-րդ բանաձևի պաշտպանությունը, որով 1990 թ. ապրիլի 24-ը հայտարարվեց որպես Հայոց ցեղասպանության 70-րդ տարելիցի ազգային ոգեկոչման օր։ Մենք նաև գնահատում ենք, որ իբրև փոխնախագահ, 2015 թ. Դուք Ազգային տաճարում ներկա գտնվեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը։ Այդ նույն ընթացքում, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարեց. «Չարիքը թաքցնելը կամ ժխտելը նման է նրան, որ թողնես վերքը արնահոսի՝ առանց վիրակապելու»:
Մեկ դար առաջ տեղի ունեցածի պատմական փաստը վիճարկման ենթակա չէ: Ժամանակի ամերիկյան դիվանագետները փաստաթղթավորել են հայերի զանգվածային սպանդը, չնայած նրանք խոսք չունեին այն բանի համար, ինչի ականատեսն են եղել: Միայն տասնամյակներ անց էր, որ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» տերմինը, և դա արեց հատուկ ` հաշվի առնելով հայ ժողովրդի բնաջնջման փորձը:
Այս տարի պատշաճ կերպով որակելով ցեղասպանությունը, Դուք կմիանաք Ներկայացուցիչների պալատին և Սենատին, որոնք ճնշող մեծամասնությամբ 2019 թ․ ընդունեցին ճանաչման բանաձևեր։ Ավելին, Կոնգրեսի գրադարանը արդեն ձեռնարկել է կարևոր մի քայլ և Հայոց ցեղասպանության թեմայով գրքերը դասակարգել «Հայոց ցեղասպանություն»՝ պատմականորեն ճշգրիտ խորագրի ներքո:
Պարո՛ն նախագահ, ինչպես նախորդ տարի ասացիք ապրիլի 24-ի ձեր հայտարարության մեջ՝ «Լռությունը հանցակցություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար է տևել և այն պետք է ավարտվի: Մենք ձեզ հորդորում ենք հետևել ձեր հանձնառություններին և ասել ճշմարտությունը»:
ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
22 ապրիլի 2021 թ․