կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-16 16:42
Քաղաքական

Ես ինձ այդքան էլ քաղաքական գործիչ չեմ համարում․ Արմեն Խաչատրյան

Ես ինձ այդքան էլ քաղաքական գործիչ չեմ համարում․ Արմեն Խաչատրյան

Ես ինձ այդքան էլ քաղաքական գործիչ չեմ համարում, ԱԺ-ում էլ հիմնականում զբաղված եմ իրավապահ մարմինների խնդիրներով։ Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկինում ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե չի՞ ափսոսում, որ համակարգից դուրս եկավ, դարձավ քաղաքական գործիչ։

«Իհարկե, չեմ ափսոսում, կյանքի էտապներ են,  կյանքը  դեռևս ավարտված չէ։ Պետության համար ինչ հնարավոր է անել, անում եմ՝ Ազգային ժողովից։ Այստեղից ավելի հեշտ է անել, ազատության սահմաններն ավելի լայն են։ Լինելով քաղաքական թիմի մեջ՝ ավելի շատ աշխատանք ես կարողանում անել»,- նշեց նա։

Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է զբաղվելու, եթե ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» այլեւս չմտնի խորհրդարան։ «Չեմ կարող ասել այս պահին։ Վերլուծելով իրադարձությունները՝ վստահ եմ, որ մեր քաղաքական թիմը հաղթանակի է հասնելու»,- ասաց նա։

Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, դուրս մնաք խորհրդարանից, կրկին կվերադառնա՞ք համակարգ, կարծում եք՝  համակարգում Ձեզ սրտաբաց հետ կընդունե՞ն, պատասխանեց․ «Իհարկե, սրտաբաց հետ կընդունեն, բայց իրադարձությունների նման զարգացում չեմ դիտարկել։ Այնուամենայնիվ, կարոտում եմ համազգեստը, ի վերջո,  կյանքիս 23 տարին անցկացրել  եմ այդ ծառայությունում եւ հաճախ, երբ համազգեստը տանը տեսնում եմ, ցանկություն է լինում հագնելու, որովհետեւ 23 տարի հիմնականում այդ համազգեստի մեջ եմ եղել եւ քաղաքացիական հագուստ մեկ-երկու անգամ ունեցած լինեմ, թե՝ չէ։ Կարոտը կա, բայց այն դրսեւորվում է խորին հարգանքով դեպի ծառայությունը։ Օր ու գիշեր պետք է այնպես անել, որ եթե գոնե չեք սիրելու ոստիկանությանը, ապա գոնե վստահեք եւ հարգեք»։

Ի դեպ, ապրիլի 16-ը Ոստիկանության օրն է: 

Հ.Գ. Արմեն Խաչատարյանի հետ մեր հարցազրույցի այլ դրվագներ՝ հաջորդիվ:  

Լիանա Սարգսյան